Նյութը՝ Հերմինե Կարապետյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 04-11-2019
«Ննջասենյակային զավեշտ». Պրեմիերա կամերային երաժշտության թատրոնում
Ալան Էյկբորնի «Ննջասենյակային զավեշտ» ստեղծագործությունը Պետական կամերային երաժշտական թատրոնի բեմում էր ռեժիսոր Ժիրայր Բաբասյանի բեմադրությամբ։
Ներկայացված էր չորս զույգի պատմություն՝ դերասաններ Արա Դեղտրիկյանի, Անահիտ Կիրակոսյանի, Վիլեն Սարգսյանի, Աելիտա Գևորգյանի, Կարապետ Քարաջյանի, Արթուր Պետրոսյանի, Լաուրա Բաբայանի և Արևիկ Ավետիսյանի մասնակցությամբ։
 
Հանդիսատեսը բեմին տեսնում է այն ամենը, ինչ զույգերը հաճախ փորձում են խնամքով թաքցնել․ երջանիկ առօրյայի հետևում՝ ննջասենյակում, ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։  Հերոսներից յուրաքանչյուրի կյանքում էլ կան լարված իրադրություններ, սակայն նրանցից ամենախճճվածը, թերևս, Սյուզանի և Թրեվերի հարաբերություններն են, որոնք զույգը փորձում է հարթել մյուսների «անկողնում»: Նրանց մարմնավորում են Անահիտ Կիրակոսյանն ու Վիլեն Սարգսյանը: Անահիտ Կիրակոսյանի խոսքով, նման խենթ հերոսուհու դեռևս չէր մարմնավորել: Նա արդեն հասցրել է սիրել Սյուզանի կերպարը:

«Դերն, իրականում, շատ բարդ էր ինձ համար, քանի որ նա գերէմոցիոնալ և տարօրինակ կին է, որն ուրիշներին է համարում այդպիսին: Բայց ես շատ եմ սիրում փոփոխվել՝ որպես դերասանուհի, ստանալ նոր կերպարներ և աշխատել դրանց շուրջ, որպեսզի հանդիսատեսը ոչ թե ինձ տեսնի բեմի վրա, այլ իմ կերպարը»,- նշեց դերասանուհին:

Վիլեն Սարգսյանն իր հերոսին՝ Թրեվերին «մեծ երեխա է» համարում:

«Առհասարակ, միշտ էլ դժվարություններ լինում են ցանկացած նոր գործի մեջ: Կյանքում ու թատրոնում չէի ունեցել նման կերպար: Փորձել եմ Թրեվերի մեջ գտնել մի կարևորագույն էմոցիա ու դրա շուրջ կառուցել ամբողջ կերպարը»:

Անահիտ Կիրակոսյանն էլ հավելեց. «Շատ գոհ եմ, որ Վիլեն Սարգսյանն է իմ խաղընկերը, որովհետև ինձ համար նա պրոֆեսիոնալ է, ունի էներգիա, որը փոխանցում է նաև ինձ, որին ես պետք է պատասխանեմ: Մեր «դուետն» ինձ համար կայացել է: Նաև շատ ուրախ եմ, որ պարոն Դեղտրիկյանի հետ եմ աշխատում բեմում,  սովորելու շատ բան ունենք նրանից»:

Անահիտի խոսքով պրեմիերան մի ստուգողական է, որը կամ կանցնես կամ ոչ,- «Շատ բան հենց հանդիսատեսի արձագանքից է գալիս: Երբ զգում ես, որ ներկայացումն աշխատում է ու, տեղ-տեղ, հանդիսատեսը ժպտում է, էմոցիա է տալիս և քեզ հետ ապրում, ուրեմն՝ ամեն ինչ արդեն լավ է: Իսկ շտկումներ, թերություններ, բնականաբար, կային, որոնք վստահ եմ՝ գնալով կկոփվեն»:

Պատկերասրահ՝ «Ննջասենյակային զավեշտ» ներկայացումը