Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-11-2019
Հայաստան - Հունաստան դիմակայության տոմսերը՝ արդեն վաճառքում
Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին տնային հանդիպման տոմսերը կարելի է ձեռք բերել 1000-ից 9000 դրամի սահմաններում։

Նոյեմբերի 8-ից սկսվել է «ԵՎՐՈ 2020»-ի ընտրական փուլի Հայաստան - Հունաստան խաղի տոմսերի վաճառքը։ Ամիսներ առաջ ՀՖՖ-ի որդեգրած գնային քաղաքականության համաձայն՝ կրկին հնարավոր կլինի ձեռք բերել 1000 դրամ արժողությամբ տոմսերը։ Հատկանշական է, որ այս սեպտեմբերին Իտալիայի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի ազգային հավաքականների դեմ կայացած խաղերում տոմսերի գները փոքր-ինչ բարձրացել էր։

Հիշեցնենք, որ թե՛ Հայաստանի, թե՛ Հունաստանի ազգային հավաքականները գործնականում կորցրել են Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորությունը։ Այս հանդիպումն ավելի շուտ կորոշի, թե արդյո՞ք նոր գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը եւս կարող է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին հաղթանակի տրամադրել, ինչպես եղավ հունիսին Հունաստանում կայացած հանդիպման ժամանակ։ Այդ խաղում Հայաստանի հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ մրցակցին հաղթել էր 3-2 հաշվով։

Հայաստան – Հունաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ ժամը 21։00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում։ Հանդիպման տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի՝ Վրացյան փողոցում տեղակայված տոմսարկղից։

ՀՖՖ-ից հայտնում են, որ տոմսարկղը կգործի ամեն օր՝ ժամը 12։00-ից 20։00-ը։ Միեւնույն անձի կողմից 5 տոմսից ավելի ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փատաթղթի առկայությունը պարտադիր է։

Վերջում հավելենք, որ ՀՖՖ-ն հորդորում է խաղի օրը մարզադաշտ գալ մեկնարկից 2 ժամ առաջ անհարկի կուտակումներից խուսափելու համար։

Հայաստան – Հունաստան հանդիպման տոմսերի գնային կատեգորիաներ՝ 
Արեւմտյան տրիբունայի կենտրոնական հատված - 9000 դրամ
Արեւմտյան տրիբունայի կողային հատվածներ - 7000 դրամ
Արեւելյան տրիբունայի կենտրոնական հատված - 5000 դրամ
Արեւելյան տրիբունայի կողային հատվածներ - 3000 դրամ 
Հյուսիսային եւ հարավային տրիբունաներ - 1000 դրամ