Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 17-11-2019
Լևոն Շանթի կյանքը և գործը բազմակողմանիորեն ներկայացված է նոր գրքում
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հրատարակել է «Լևոն Շանթ․ մարդը և գործը» գիրքը:

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակը նոյեմբերի 15-ին նախաձեռնել էր «Լևոն Շանթ. մարդը և գործը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը լույսընծայվել է հայ մեծանուն գրող, մանկավարժ և պետական գործիչ Լևոն Շանթի ծննդյան 150-ամյակի առիթով:

Խմբագրական հանձնախումբը գիրքը հրատարակության պատրաստելիս առաջնորդվել է այն սկզբունքով, որ հրապարակվող նյութերի միջոցով ընթերցողին ամփոփ պատկերացում փոխանցվի Լևոն Շանթի մասին՝ որպես անհատ, գրող, մանկավարժ, պետական գործիչ: Հրապարակված նյութերի մի մասն առաջին անգամ է հրատարակվում Հայաստանում: Գրքում կարելի է հանդիպել այնպիսի անուններ, ինչպիսիք են Սիմոն Վրացյան, Նիկոլ Աղբալյան, Կարո Սասունի, Հակոբ Օշական, Մուշեղ Իշխան, Անդրանիկ Ծառուկյան…

«Լևոն Շանթ․ մարդը և գործը» գրքի մասին իրենց կարծիքը հայտնեցին բան. գիտ. դոկտոր Վաչագան Գրիգորյանը, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Վարդան Պետրոսյանը, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Սերժ Սրապիոնյանը, Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը և այլք։



«Լևոն Շանթ գրողի մասին կան բազմաթիվ մենագրական ուսումնասիրություններ: Սակայն մինչ այս գրքի լույսընծայումը, Շանթը շատերին առավելապես հայտնի է եղել որպես գրող՝ հայ գրականության մեծ դրամատուրգներից մեկը: Կարծում եմ՝ մեզ հաջողվել է ստեղծել մի գիրք, որտեղ ժամանակակիցների հուշագրությունների և դիտարկումների միջոցով զգալի չափով ընթերցողի առջև բացահայտվում է Լևոն Շանթի շատ ավելի մեծ դիմապատկերը»,- նշեց Վարդան Պետրոսյանը: 

Նա հավելեց, որ գրքում Լևոն Շանթը բացահայտվում է նաև որպես Համազգային հայ կրթական մշակութային միության առաջին հիմնադիր-տնօրեն: Նա հետևողական ջանքերի շնորհիվ Նիկոլ Աղբալյանի և իր մյուս գործընկերների հետ միասին կարողացել է կայացնել շատ կարևոր այդ կրթական հաստատությունը, որը բախտորոշ դեր է ունեցել ամբողջ սփյուռքահայության կյանքում՝ ազգային դաստիարակություն սերմանելու առումով: 

Նշենք, որ գրքում հրապարակված նյութերի հեղինակների մասին զետեղվել են ամփոփ ծանոթագրություններ:

Նույն օրը Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակը կազմակերպեց նաև «Անդրանիկ․ մարդը և ռազմիկը» գրքի շնորհանդեսը:

Պատկերասրահ՝ «Համազգայինի» երկու նոր գրքերի շնորհանդեսը