Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Գոռ Կիրակոսյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 18-11-2019
Գոռ Կիրակոսյան․ «Կյանքին ծուռ անկյունից եմ նայում»
Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը, ով նախկինում հեղինակել է «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած մոլորվածը Հայաստանում» եւ «Քայլ ձիով» հաջողված ֆիլմերը, ընդամենը ամիսներ առաջ հանրության դատին հանձնեց «Ազնիվ գողեր» ֆիլմը։ Eritasard.am-ը այս անգամ զրուցել է երիտասարդ ռեժիսորի հետ։
-Գո՛ռ, Ձեր բոլոր ֆիլմերը հաջողված են ու սիրված։ Ո՞րն է այդ հաջողության բանալին։
 
-Իրականում, պետք է խոստովանեմ, որպես այդպիսսին գաղտնի բանալի չունեմ, որը օգտագործում եմ, սակայն երկու բան ինձ օգնում է, առաջինը՝ նկարահանում եմ այնպիսի ֆիլմ, որը ես ինքս  կցանկանամ դիտել, եւ  երկրորդ՝ ֆիլմերում միշտ հոգի եմ դնում, որպեսզի  մարդիկ, երբ դիտեն ֆիլմը, հասկանան՝ այն դատարկ չէ, այն հոգի ունի։

-Բոլոր ֆիլմերում նպատակ ունեք մարդկանց զվարճացնելու,  արդյո՞ք դժվար չէ….

-Հին ասացված կա․ մահանալն ավելի հեշտ է քան կոմեդիա բեմադրելը։ Իրոք, դժվար է անել մի բան, որը մասսայական ծիծաղ կառաջացնի։ Կարծում եմ ինձ օգնում է իմ բնավորությունը, ես ինքս սիրում եմ հումորը եւ շատ բաների հումորով եմ վերաբերվում։ Կյանքը լուրջ չէ ինձ մոտ։ Կյանքին ծուռ անկյունից եմ նայում։

-Հայ հանրությունը սիրում է Ձեր հումորային  ֆիլմերը, դե մենք հումորով ենք, իսկ հետաքրքիր է, մյուս երկրներում, որտեղ ցուցադրվում են Ձեր ֆիլմերը, ինչպիսի՞ն են լինում արձագանքները։

-Հանդիսատեների մեջ տարբերություն շատ չեմ նկատում, իրենք էլ հասկանում են իմ հումորը, ծիծաղում են, մասնավորապես «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմից։ Ֆիլմը բազում մրցանակների է արժանացել, իսկ այդ մրցանակների թիվ մեկ գրավականը այն է, որ հանրությունը սիրում է, հասկանում եւ գնահատում այն։ Փորձում եմ ֆիլմի հումորին լուրջ մոտենալ, չեմ դնում ժամանակ, քաղաքականություն․․․ հիմնականում հումորն անում ենք այնպես, որ տասը տարի անց ֆիլմը միեւնույն է հիշվում է, մարդիկ չեն ձանձրանում, հետեւաբար ֆիլմում առկա հումորին շատ մեծ կարեւորություն եմ տալիս։

-Ինչ եք կարծում, ո՞ր ֆիլմը Ձեզ բերեց հաջողություն եւ ճանաչում։
 
- «Մեծ պատմություն  փոքր քաղաքում»՝ սա ինձ մեծ հաջողություն է բերել։ Այն եղել է եւ մնում է իմ բիզնես քարտը։ Շատ զգացված եմ, որ «15 տարեկան» այս  ֆիլմը մարդիկ սիրում են։ Երբեմն մարդիկ ասում են, որ այն պարզապես չի ձանձրացնում, գրավում է եւ կախարդական ուժ ունի։ Ուրախ եմ, որ առաջին ֆիլմս մնացել է հայկական ֆիլմադարանում եւ մարդիկ սիրում են այն։



-Միշտ այնքան ճիշտ դերասանների եք ընտրում՝ կերպարները մարմնավորելու համար, այս հարցում ի՞նչն եք կարեւորում ամենից շատ։
 
-Երբ սովորում էի համալսարանում դասախոսներիցս մեկը մի բան ասեց, որը ինձ շատ է օգնում, այն հետեւյալն էր՝ ֆիլմում ճիշտ դերասան ընտնելու համար 70 տոկոսը քասթինգն է, մյուս 30-ը՝  բաներ, որոնք ռեժիսորն է անում։ Միշտ փոձում եմ գտնել այն դերասանին, որը կարողանում են տեսնել եւ իրականացնել այն կերպարը, որը մենք կերտել ենք, պատկերացրել, պարտադիր չէ, որ նա լինի անչափ տաղանդավոր, ճանաչված։ Բավարար է այն, որ նա պատկերացնի եւ կերտի այն կերպարը, որին ես գտել եմ։ Կերպարներս հաջողակ են եւ ճիշտ, ինչի արդյունքում էլ հիշվում են։

-Ունեիք հեքիաթ-ֆիլմ նկարահանելու նպատակ, ի՞նչ փուլում  է այն։
 
-Այո, ունեմ նման նախագիծ: Այն մտածված և մշակված է հայ երեխաների համար, այն կարող  է լինել առաջին ընտանեկան մանկական հեքիաթ-ֆիլմը։ Ցանկությունն առաջացավ, երբ ծնվեց փոքրիկս։ Ֆիլմի հիմքում հայր եւ որդի են, ովքեր հայտնվում են Հովհաննես Թումանյանի հեքիաթնների աշխարհում։ Ֆիլմի սցենարն ամբողջությամբ պատրաստ է և կարող եմ վստահ ասել, որ ֆիլմի առաջին փուլի աշխատանքներն արված են։ Հիմա հովանավորներին փնտրման փուլն է, որից հետո միանգամից կկարողանանք անցնել նկարահանման աշխատանքներին։

-Ինչի՞ց եք ոգեշնչվում։
 
-Շատ բաներից՝ լավ ֆիլմից, լավ գրքից կամ պարզապես որեւէ մեկից, ով իր կյանքից որեւէ զվարճալի պատմություն կպատմի։ Այսինքն՝ հստակ որեւէ երեւույթ եւ վայր  չկա, որն ինձ ոգեշնչում է։

-Երբեւէ Գոռն այնքան զայրացե՞լ է, որ լքել է նկարհանման հրապարակը եւ չեղարկել  ֆիլմը կամ նկարահանումը:
 
-Նման դեպք չի եղել, եւ կարծում եմ նման պահվածքը սխալ է, քանի որ յուրաքանչյուր նկարահանման օր մեծ գումարի հետ է կապված, եղել է, երբ զայրացրել են, բայց  այդ ամենը վերջացել է, քանի որ  զայրույթն ու վեճը իր մեջ վատ էներգիա է պարունակում։ Ի դեպ ,պետք է խոստովանեմ, որ գրեթե միշտ նկարհանման հրապարակում այնպիսի անձանց հետ եմ աշխատում, ովքեր նույն լեզվով ենք խոսում, որոնցից նաեւ ես եմ սովորում, իսկ եթե  լինում են վեճեր, ապա նախագծից հետո այդ անձի հետ այլեւ չեմ աշխատում։

-Նկարահանման հրապարակում ի՞նչն է ամենից շատ զայրացնում Ձեզ։
 
-Դա եղանակն է, որովհետեւ այն կառավարման համակարգ չունի։ Եղել են դեպքեր, երբ ժամերով սպասել ենք արեւին։ 

-«Ազնիվ գողեր» -ն արդեն էկրաններին է, ի՞նչ արձագանքներ եք լսել։

- Ֆիլմի հետ կապված կարող եմ ասել, որ մարդիկ սիրել ու հավանել են այն։ Շատ հաղորդագրություններ եմ ստանում, որտեղ նշում են, որ դիտել են երկրորդ  անգամ։ Ֆիլմի նպատակը  հենց դա է, որպեսզի երջանկացի, ուրախացնի։ Այն պոպկորնային ֆիլմ է։ Եղան դեպքեր նաեւ, երբ լսեցի կարծիքներ, որ նախորդ ֆիլմերն ավելի լավն են, եւ սա էլ հասկանալի է, չէ որ այս Ֆիլմը իմ նոր երախան է, ով նոր- նոր քայլեր է անում։

-Ապագայում ի՞նչ սպասենք Գոռ Կիրակոսյանից։

-Ապագայում մի քանի նախագիծ ունեմ։ Ինչպես նշեցի հեքիաթ-ֆիլմն է։ Ունեմ նաեւ եւս երեք տարբեր մտքեր, որոնցից յուրաքանչյքուրը տարբեր փուլում է գտնվում։ Չեմ ցանկանում մնալ կոմեդիայի ժանրում։ Ուզում եմ  եւ ուրախ կլինեմ այլ ժանրի ֆիլմեր նույնպես հանձնել հանրության դատին։