Լուսանկարները՝ համացանցից

Միջոցառման նպատակն էր բարձրացնել մարզերում իրազեկվածությունը մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ՝ ներգրավելով նրանց ոլորտում առկա խնդիրների լուծման գործում: Միջոցառումը հարթակ ծառայեց 13-17 տարեկան երիտասարդ մասնակիցների համար՝ իմանալու ավելին իրենց իրավունքների ու պատասխանատվությունների մասին, ինչպես նաև գաղափարներ առաջարկելու՝ ուղղված իրենց համայնքներում ավելի բարեկեցիկ կյանքի ապահովմանը:
Հաղթող ճանաչվեց երեք նախագիծ՝ յուրաքանչյուր մարզից մեկը: Նախագծերը կյանքի կկոչվեն Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, իսկ դրանց ընթացքը կվերահսկեն մարզպետարաններն ու Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը։ Դրանք կնպաստեն մարզերում հավասար իրավունքների խթանմանը` համայնքային ներգրավվածության միջոցով: Հաղթող նախագծերի իրականացման արդյունքում Շիրակի մարզի Ազատան համայնքը կունենա ներառական խաղահրապարակ՝ ապահովելով բոլոր երեխաների համար ժամանցի հավասար պայմաններ: Վանաձորի թիվ 23 դպրոցի ֆուտբոլի դաշտը կբարեկարգվի, և կտեղադրվեն թեքահարթակներ, իսկ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կբարեկարգվի Ազատամարտիկների այգին:
Միջոցառմանը ներկա էին և բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախագահ Էդգար Խաչատրյանը ներկայացրեց Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը, մարտահրավերներն ու տարվող աշխատանքները:
Նախագծերի մշակման գործում մասնակիցներին խորհրդատվական աջակցություն տրամադրեցին մարդու իրավունքների ոլորտում գործող կազմակերպություններից և կրթական հաստատություններից փորձառու մասնագետներ։ Հաղթող նախագծերին ընտրեց Լոռու, Շիրակի ու Տավուշի մարզպետարանների, մարդու իրավունքների ոլորտում գործող հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին: