Նյութը՝ Սաթենիկ Զախարյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 01-12-2019
Գիտական լրագրությունը՝ ուսանողների ուշադրության կենտրոնում
Նոյեմբերի 29-ին Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ գիտաճանաչողական այց, որին մասնակցեցին մի խումբ ուսանող-լրագրողներ:

Գիտաճանաչողական այցը նախաձեռնել էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը: Նպատակն է խթանել գիտական լրագրությունը երիտասարդ ուսանող-լրագրողների շրջանում և հնարավորություն ստեղծել ծանոթանալու աստղագիտության ոլորտում կարևոր և արդի թեմաներին, իրականացվող ուսումնասիրություններին և զարգացման միտումներին: Ծրագիրը հագեցած էր. բաղկացած էր երկու հիմնական մասերից:



Ծրագրի առաջին հատվածում աստղագետ, աստղադիտարանի ավագ գիտաշխատող, 2.6մ հայելու տրամագծով աստղադիտակի լաբորատորիայի պատասխանատու Կամո Գիգոյանը ուսանողներին ներկայացրեց ամենամեծ աստղադիտակը, դրա աշխատանքը և հնարավորությունները: Անդրադարձ կատարվեց գալակտիկաների ուսումնասիրություններին, աստղային ժամանակին և այլն:

Երկրորդ հատվածում դասախոսությամբ հանդես եկավ ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը: Նա ներկայացրեց ԲԱ աստղադիտարանը, ՀՀ-ում աստղագիտության զարգացման հիմնական միտումները, մեդիայում և ԶԼՄ-ներում թեմատիկ լուսաբանումների կարևորությունը և անհրաժեշտությունը: Առանձնացվեցին նաև աստղագիտության վերաբերյալ կարևոր և արդիական թեմաներ, որոնք կլուսաբանվեն գիտական լրագրությամբ հետաքրքրվող ուսանողների կողմից:



Ուսանող Արսեն Խաչատրյանը առաջին անգամ չէր աստղադիտարանում, սակայն այս այցը տարբերվում էր նախորդներից, քանի որ հնարավորություն էր ստեղծվել մասնագիտական նոր ուղղության բաահայտելու. «Բավականին հետաքրքիր օր ունեցանք: Շատ տպավորված եմ: Հետաքրքիր հանդիպումներ ունեցանք աստղադիտարանի տնօրեն Միքայելյանի, գիտաշխատող Գիգոյանի հետ: Բացահայտեցինք գիտական նոր ոլորտ, նոր գիտելիքներ և տեղեկություններ ձեռք բերեցինք, որոնք կօգտագործենք հետագայում՝ մասնագիտական գործունեություն իրականացնելիս»: 

Գիտաճանաչողական այցի շրջանակում ուսանողներն այցելեցին նաև հայ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան: