Նյութը՝ «Կամք» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Կամք» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն ՀԿ-ից
Տեղադրվել է 16-12-2019
Երիտասարդների նախաձեռնողականություն և ծրագրային առաջարկի մշակում
Լոռու մարզի երկու երիտասարդական մայրաքաղաքների երիտասարդները կհամագործակցեն համատեղ նոր նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացման շուրջ:

ՀՀ 2015 և 2019 թվականների երիտասարդական մայրաքաղաքներ՝ Լոռու մարզի Ստեփանավան և Վանաձոր համայնքների երիտասարդները դեկտեմբերի 7-11-ը Վանաձորում մասնակցեցին «Երիտասարդների նախաձեռնողականություն և ծրագրային առաջարկի մշակում» ծրագրին: Այն իրականացրեց «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ նպատակ ունենալով համախմբել Լոռու մարզի երկու երիտասարդական մայրքաղաքների (Ստեփանավան` 2015թ. և Վանաձոր`2019թ.) ակտիվ երիտասարդներին և զարգացնել  շահառուների նախաձեռնություններ իրականացնելու, ծրագրեր մշակելու և կառավարելու հմտությունները: 



Ծրագիրը նպատակ ուներ նաև  նպաստել Վանաձոր և Ստեփանավան քաղաքների երիտասարդների համագործակցությանը, համատեղ նոր նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացմանը և ակտիվ մասնակցությանը Լոռու մարզի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային գործընթացներում: 



Ծրագրի շրջանակում  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում անցկացվեց հնգօրյա դասընթաց, որին մասնակցում էին ստեփանավանցի և վանաձորցի 25 երիտասարդ, ինչպես նաև Ստեփանավանում և Վանաձորում գործող հասարակական կազմակերպությունների երիտասարդ անդամներ, կամավորներ: Նախքան դասընթացն սկսելը կատարվեց մասնակիցների՝ թեմայի վերաբերյալ գիտելիքների գնահատում, որից հետո դասընթացավարներ Արշավիր Ղուկասյանն ու Նազելի Ավագյանը, համադրելով կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդները՝ տեսական դասախոսություններն ու գործնական վարժությունները, թիմային ու անհատական աշխատանքները, ծրագրի շահառու երիտասարդներին հաղորդակից դարձրեցին համայնքային նախաձեռնությունների իրականացման, ծրագրերի մշակման ու ֆոնդհայթայթման սկզբունքներին: 



Դասընթացի մասնակիցները ծանոթացան ծրագրային ցիկլի կառավարման հիմնական փուլերին՝ կարիքի բացահայտում, ծրագրային առաջարկի ձևակերպում, ծրագրի իրականացում, գնահատում և աուդիտ: Նրանք կատարեցին Վանաձոր և Ստեփանավան համայնքների երիտասարդների կարիքների բացահայտում և գնահատում, ապա  ըստ համայնքային կարիքների լուծմանը միտված ընդհանուր գաղափարների՝ երկու քաղաքների երիտասարդները միավորվեցին երեք  խմբերում և մշակեցին բացահայտված երիտասարդական խնդիրների լուծմանը միտված համատեղ միջհամայնքային երեք ծրագիր՝ «Աղետների ռիսկերի կառավարման և առաջին բուժօգնության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում ստեփանավանցի և վանաձորցի երիտասարդների շրջանում», «Աղբի տեսակավորման մշակույթի ձևավորում Ստեփանավանի և Վանաձորի երիտասարդության շրջանում» , «Պարգևիր ժպիտ» հաշմանդամություն ունեցող վանաձորցի երեխաների և երիտասարդների ներառականությանն ուղղված ծրագիր: 



Թիմերով աշխատելով վերոնշյալ ծրագրային առաջարկների մշակման վրա՝ երիտասարդները գործնականում  սովորեցին հստակ ձևակերպել ծրագրի հիմնախնդիրը, նպատակը, խնդիրները, պլանավորեցին ծրագրային գործողությունները՝ դրանք ըստ տրամաբանական հաջորդականության ներկայացնելով Գանտի աղյուսակի միջոցով: Նրանք հաշվարկեցին նաև իրենց ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ մարդկային և նյութական ռեսուրսների ապահովման ծախսերը՝ կազմելով ծրագրերի նախնական բյուջեները: Այնուհետև դասընթացի մասնակիցները հաղորդակից դարձան ծրագրերի գնահատման և վերահսկման մեթոդներին, կատարեցին SWOT (ՈւԹՀՍ) վերլուծություն, ապա փորձեցին գնահատել  իրենց մշակած ծրագրերի ազդեցությունը ծրագրի ուղղակի և անուղղակի շահառուների վրա՝ կարևորելով ծրագրերի արդյունքների տարածումը, շարունակականությունն ու կայունության ապահովումը: 



Ծրագրեր մշակելու և կառավարելու հմտությունները յուրացնելուց և գործնականում կիրառելուց հետո, շահառու երիտասարդները ձեռք բերեցին գիտելիքներ ֆոնդահայթայթման վերաբերյալ, ծանոթացան ֆոնդահայթայթման ռազմավարությանն ու հիմնական աղբյուրներին: Նրանց ուշադրությանը ներկայացվեց նաև ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության նպատակների և գերակայությունների իրականացման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրվող դրամաշնորհների կարգն ու առանձնահատկությունները: 



Դասընթացի ավարտին կատարվեց մասնակիցների գիտելիքների վերջնական գնահատում, Հարկ է նշել, որ եթե գիտելիքների նախնական գնահատման ժամանակ 275 հարցի համար եղել էր ընդհանուր 191 ճիշտ պատասխան (69,5%), ապա վերջնական գնահատման արդյունքում ճիշտ պատասխանների թիվը հասել էր 246-ի (89,7%), ինչը բավականին տպավորիչ արդյունք է և թույլ է տալիս եզրահանգել, որ  ծրագրի շահառու երիտասարդները հիմնականում կարողացել են յուրացնել ծրագրեր մշակելու հմտությունները: 



Ինչպես նշում է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Նազելի Ավագյանը՝ «Երիտասարդների նախաձեռնողականություն և ծրագրային առաջարկի մշակում» ծրագիրը ոչ միայն համագործակացության և համատեղ ծրագրեր մշակելու հնարավորություն տվեց Ստեփանավան և Վանաձոր համայնքների երիտասարդներին, այլև զարգացրեց շահառու երիտասարդների անհատական և սոցիալական հմտությունները, առաջնորդության կարողությունները.  «Այս առումով կարծում եմ, որ ծրագիրը որոշակիորեն կնպաստի նաև շահառու երիտասարդների զբաղվածության խնդրի մեղմացմանը, քանի որ նրանք արդեն կարող են մշակել դրամաշնորհային ծրագրեր, կառավարել այդ ծրագրերը, կատարել ֆոնդհայթայթում, ինչպես նաև ընդունել ծրագրեր գրելու պատվերներ այլ կազմակերպություններից կամ անհատներից, աշխատել կամ ներգրավվել տարբեր ՀԿ-ների աշխատակազմերում՝ որպես ծրագրային առաջարկ մշակողներ, ծրագրի ղեկավարներ կամ համակարգողներ»: