Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 27-12-2019
Ինչպես են նշում ամանորը Գերմանիայում
Ամանորը Գերմանիայում ընտանեկան տոն չէ։ Բոլոր գերմանացիները ամանորյա գիշերը դուրս են գալիս տներից և նշում են Ամանորը փողոցներում, հրապարակներում, սրճարաններում, բարերում ու ռեստորաններում։

Այդ օրը անցկացվում են դիմակահանդեսներ և տոնական երթեր։ Անպայման տեղի են ունենում հրավառություններ. հին ավանդության համաձայն՝ կրակն ու լույսը դուրս են քշում չար ոգիներին։ Այս օրերին գերմանացիները շատ խմում և ուտում են, ի սրտե ուրախանում, զվարճանում, պարում և երգում։ Նոր տարին Գերմանիայում աղմկոտ և էմոցիաներով լի տոն է։ Գերմանացի փոքրիկները  սպասում են Սանտա Նիկոլաուսին, ով փոքրիկ ավանակի վրա նստած շրջում է գերմանական քաղաքներում ու նվերներ անում երեխաներին։ 



Գերմանիայում Նոր տարին շնորհավորում են մինչև վերջինիս մեկնարկը՝ միմյանց ցանկանալով տոնական օրերին «լավ սահում», այդ կերպ ցանկանալով միմյանց տարվա լավ սկիզբ։ Նոր տարին դիմավորելուց հետո շնորհավորանքները փոխվում են Frohes Neues!-ի («Երջանիկ Նոր տարի»)։

Ամանորյա սեղանը զարդարելիս Գերմանիայում պարտադիր  են գետածածանից պատրաստված ճաշատեսակները, նաև խնձորներով և ընկույզով ուտեստները։ Գերմանական ամանորյա սեղանը լի է տարբեր կերակրատեսակներով։ Ամանորի ավանդական ուտեստներն են ռակլետը և ֆոնդյուն, որոնք պատրաստում են երկար ընթրիքի և սեղանի շուրջ զրույցների համար։ 



Գերմանացիները ժամանակին Նոր տարվա գիշերը սեղանին ծածան ձուկ էին դնում, սակայն այժմ այդ սովորույթը քիչ է տարածված։ Կա կարծիք, որ ծածանի արծաթագույն թեփուկները նոր տարում փող են բերում։ Նաև տարածված է այնպիսին ձկնային ուտեստը, ինչպիսին է, օրինակ, ծովատառեխի կարմիր աղցանը։ 

Ամանորի ճաշկերույթի ամենակարևոր մասը կոչվում է «der Lebekuchen»՝ մեղրաբլիթ-քաղցրաբլիթը։ Ալյուրից, շաքարից և չամիչից պատրաստված այդ «իսկական հրաշքը» 16-րդ դարում երբեմն կարող էր մեկ երկար նստարանի չափ լինել։ Անկախ նրանից, թե չինական հորոսկոպով ինչ կենդանու տարի է լինելու, մարդիկ շատ հաճախ իրար նվիրում են ապակյա կամ ճենապակյա խոզուկներ, որոնք հիմնականում գանձանակ են լինում։