Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 2019-12-29 18:02
Ամփոփվեց «Վիքին սիրում է հուշարձաններ 2019» մրցույթը
Վիքիմեդիա Հայաստանը մասնակցել է «Վիքին սիրում է հուշարձաններ 2019» խոշորագույն լուսանկարչական մրցույթին, որի շրջանակներում Հայաստանից և Արցախից բեռնվել է մոտ 21 հազար լուսանկար, իսկ այդ ցուցանիշով զբաղեցրել ենք 3-րդ հորիզոնականը։

Երեկ կայացավ ամենամեծ լուսանկարչական մրցույթի հայաստանյան փուլի մրցանակաբաշխությանը, որի ժամանակ հայտարարվեցին մրցույթի հաղթող լուսանկարները, ներկաները հնարավորություն ունեցան եւս մեկ անգամ ծանոթանալու եւ վերհիշելու մեր երկրի գողտրիկ անկյուններին, իսկ միջոցառման մասնակիցները կիսվեցին իրենց փորձով։

Հարկ է նշել, որ Հայաստանն արդեն չորրորդ անգամ մասնակցում է «Վիքին սիրում է հուշարձաններ» խոշորագույն լուսանկարչական մրցույթին, որի շրջանակներում Վիքիպահեստ են բեռնվում տվյալ երկրի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկված օբյեկտները։ Այս տարի լուսանկարչական մրցույթին Հայաստանը կրկին մասնակցել է Արցախի հետ միասին:

Կազմակերպիչների խոսքով հայ կամավորները ավելի քան 21 հազար լուսանկար են բեռնել Վիքիպահեստ։ Բեռնված լուսանկարների քանակով 50 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Ուկրաինային և Իտալիային։ 

Հայաստանյան փուլի լուսանկարները գնահատել է պրոֆեսիոնալ ժյուրին։ Լավագույն տասնյակում հայտնված լուսանկարները մասնակցելու են միջազգային մրցույթին։ 

Լավագույն տասնյակում ընդգրկված լուսանկարների հեղինակները ստացել են մրցույթի շրջանակներում բեռնված լուսանկարներից կազմված օրացույց, գրքերի և գրենական պիտույքների նվեր-քարտեր, մրցույթի լոգոյով թերմոսներ և բաժակներ։

Ստորև Ձեզ ենք ներկայացնում հաղթողներին՝ ըստ հորիզոնականների․
1․Վահագն Գրիգորյան-«Տաթեւ»
2․Matthias Süßen-«Գառնու  տաճար»
3․Matthias Süßen- «Չարենցի կամար»
4․Վահագն Գրիգորյան-«Նորավանք»
5․Սարո Հովհաննիսյան-«Ամբերդ»
6․Սարո Հովհաննիսյան-«Հոգեվանք եկեղեցի»
7․Վահանգն Գրիգորյան –«Խնձորեսկ»
8․Վահագն Գրիգորյան –«Ամբերդ»
9․Սարո Հովհաննիսյան-«Երերուկ վանք»
10․Վահագն Գրիգորյան-«Արենի»

Պատկերասրահ՝ «Վիքին սիրում է հուշարձաններ 2019». մրցանակաբաշխություն