Նյութը՝ 1in.am
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-05-21 12:00
Գայթակղիչ գործարք Մխիթարյանի շուրջ
Ինչ է «Արսենալը» իրականում առաջարկում «Ռոմային»

Լոնդոնի «Արսենալը» իտալական «Ռոմային» տրանսֆերային գործարք է առաջարկել։ Մասնավորապես, անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտին՝ գրում են բրիտանական լրատվամիջոցները։ Կլյուվերտի տրանսֆերի համար «Արսենալը» պատրաստ է «Ռոմային» տրամադրել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին 15 միլիոն եվրո հավելավճարով։

Ըստ Transfermarkt պարբերականի՝ Կլյուվերտի տրանսֆերային արժեքն այս պահին կազմում է 22.5 միլիոն եվրո, իսկ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը՝ 20 միլիոն։ 21-ամյա Կլյուվերտը «Ռոմա» է տեղափոխվել 2018 թվականին Ամստերդամի «Այաքսից»։ Նրա տրանսֆերի համար իտալական ակումբը վճարել էր 17.5 միլիոն եվրո։

Առաջին հայացքից «Արսենալի» առաջարկը գայթակղիչ է թվում իտալական թիմի համար։ Վերջինս ֆինանսական դժվարությունների պատճառով պատրաստ չէ ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերը։ «Ռոման» Մխիթարյանի համար պահանջում է 20 միլիոն ֆունտ, իսկ «Ռոման» պատրաստ է վճարել միայն 14 միլիոն։ Ու հիմա «Ռոման» ունի հնարավորություն պահպանելու Մխիթարյանին և ստանալու 15 միլիոն եվրո։ Այս դեպքում, սակայն, իտալական թիմը կկորցնի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկին, որի տրանսֆերային արժեքն էապես աճելու հեռանկար ունի։

Բրիտանական լրատվամիջոցները գրում են նաև, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամեն գնով ցանկանում է իր թիմում տեսնել Կլյուվերտին և մեծ հույսեր է կապում նրա հետ։ Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները գրել էին, որ «Ռոման» իր հերթին Հենրիխ Մխիթարյանին իր կազմում պահելու համար «Արսենալին» գրավիչ գործարք է առաջարկել։ Մասնավորապես նշվում էր, որ «Ռոման» պատրաստ է Մխիթարյանի տրանսֆերին կցել նաև 22-ամյա թուրք հարձակվող Չենգիզ Յունդերին: Հռոմի թիմը ֆուտբոլիստի հետ պետք է վճարեր մոտ 10 միլիոն եվրո, որպեսզի ստանար Մխիթարյանին։ Նույն Transfermarkt-ի համաձայն՝ Յունդերի տրանսֆերը այս պահին 24 միլիոն եվրո է։

«Ռոմայի» կողմից նման գործարք առաջարկելը ոչ միայն անտրամաբանական, այլև ֆանտաստիկ էր թվում։ Մասնավորապես, հանուն Մխիթարյանի «Ռոման» պետք է զոհաբերեր Ա սերիայի մեկ այլ տաղանդավոր և հեռանկարային ֆուտբոլիստներից մեկին։ Յունդերին «Արսենալին» տրամադրելուց զատ՝ «Ռոման» պետք է վճարեր կլորիկ մի գումար։ «Ռոման» Յունդերին ձեռք է բերել 2017 թվականին թուրքական «Բաշաքշեհիր» ակումբից։ Վերջինիս իտալական ակումբը վճարել էր 5 միլիոն եվրո։ Երեք տարվա ընթացքում Յունդերը որակական զգալի աճ է գրանցել իտալական թիմում, ինչի արդյունքում էլ նրա տրանսֆերային արժեքը մոտ 5 անգամ կրկնապատկվել է։ Մեծ է հավանականությունը, որ մեկ մրցաշրջան անց Յունդերի տրանսֆերային արժեքը կկրկնապատկվի՝ հասնելով 50 միլիոն եվրոյի։ Ու փաստորեն, եթե «Ռոման» ամռանը վաճառի Յունդերի տրանսֆերը, տեսականորեն կարող էր մոտ 20 միլիոն եվրո շահույթ ստանալ։ Եթե պարզ մաթեմատիկական հաշվակ կատարենք, կստացվի որ «Ռոման» Մխիթարյանի համար պետք է մոտ 35 միլիոն եվրոյի զոհողության գնար։

Վերջին շրջանում այս գործարքի մասին խոսակցությունները դադարեցին։ Ի տարբերություն Մխիթարյան-Յունդեր գործարքի՝ Մխիթարյան-Կլյուվերտ գործարքն ավելի իրատեսական է թվում։ Բրիտանական լրատվամիջոցները բազմիցս են գրել, որ «Արսենալը» որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Մխիթարյանի տրանսֆերը։ Հիմա հավանականությունը մեծ է, որ «Արսենալը» ՝ ի դեմս Կլյուվերտի, գտել է այն ֆուտբոլիստին, որի մեջ տեսնում է մեծ պոտենցիալ։ Հավանականությունը մեծ է նաև, որ երկու-երեք տարի անց Կլյուվերտի տրանսֆերային արժեքը կկազմի 50-60 միլիոն եվրո։ Մխիթարյանն արդեն 31 տարեկան է, և նրա տրանսֆերային գինն աճելու միտում չունի։ Ավելին՝ եթե «Արսենալը» «Ռոմայի» հետ համաձայնության չգա, Մխիթարյանը, պայմանագրի համաձայն, ստիպված կլինի վերադառնալ Լոնդոն։ Այս սցենարի դեպքում «Արսենալը» լուրջ վնաս կկրի։

Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվելու է 2021 թվականի վերջին։ Սա նշանակում է, որ հայ ֆուտբոլիստը եկող տարի կարող է «Արսենալից» հեռանալ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով։ Հետևաբար «Արսենալի» առաջարկը «Ռոմային», գայաթակղիչ լինելուց զատ, նաև շահադիտական կարելի է համարել։ Նշենք, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկ անգամ չէ, որ հայտարարել է Մխիթարյանին թիմում պահելու մեծ ցանկության մասին։ «Նախկինում ասել եմ, իսկ հիմա հաստատում եմ՝ այո, ես ուզում եմ, որ Հենրիխ Մխիթարյանը մնա «Ռոմայում»։ Նա իր հերթին ցանկանում է կարիերան շարունակել «Ռոմայում»։ Համավարակի հետևանքով հիմա չնախատեսված դադար է, սակայն շուտով պետք է խոսենք «Արսենալի» ղեկավարության հետ։ Ես ուզում եմ շարունակել աշխատել Մխիթարյանի հետ։ Նա մեծագույն խաղացող է ու մեծագույն մարդ», – վերջերս հայտարարել էր Ֆոնսեկան։

Թե ինչպես կարձագանքի «Ռոման» «Արսենալի» առաջարկին՝ այս պահին դժվար է ասել։