Նյութը՝
Տեղադրվել է 2020-06-11 18:19
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախապես հայտարարված 2020թ. ծրագրերում կատարվել են փոփոխություններ՝ պայմանավորված աշխարհում COVID-19 վարակով ստեղծված իրավիճակով:

I. Սփյուռքի կրթօջախների համար դասագրքերի և այլ ուսումնական նյութերի մշակում, ձեռքբերում և տրամադրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակելու է սփյուռքի կրթօջախներին դասագրքերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման գործընթացը: Այս փուլում ընթանում է 2020թ. բյուջեի հաշվին դասագրքերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի ձեռքբերման գործընթացը: Կարճ ժամանակահատվածում սփյուռքին կներկայացվի ՀՀ ԿԳՄՍՆ-ի 2019թ. դեկտեմբերին և 2020թ. ձեռքբերման արդյուքում տնօրինության տակ գտնվող նյութերի ամբողջական ցուցակ՝ վերջնական հայտերը հավաքագրելու և ամառվա ընթացքում առաքումները կազմակերպելու նպատակով:

II. Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը կայանալու է հեռավար ձևաչափով՝ նույն նախապես հայտարարված 6 ուսումնական ծրագրերով (մանկապարտեզ, մեկօրյա դպրոց, տարրական ուսուցում, հայոց լեզու և գրականություն, լրացուցիչ կրթություն և հայոց պատմություն): Ուսումնական ծրագրի մշակումը մրցույթով ստանձնել է «Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամը: Այժմ ընթանում են ուսումնական ծրագրի նոր ձևաչափին հարմարեցման խմբագրական, ինչպես նաև կազմակերպչական աշխատանքները: Ուսումնական ծրագրերում տեղ են գտնելու նաև հեռավար ուսուցման կազմակերպման մեթոդիկայի, տարբեր էլեկտրոնային հաթակներից օգտվելու և նոր ստեղծված պայմաններում այլ արդիական դարձած թեմաներով դասընթացները: Դասընթացներին առցանց գրանցվելու, անցկացման ժամկետների և ժամանակացույցի մասին տեղեկությունները կտրամադրվեն լրացուցիչ: Ակնկալում ենք ուսուցիչների ակտիվ մասնակցությունը: Բոլոր նախապես մասնակցության համար դիմած ուսուցիչների դիմումները ուժի մեջ են:

III. Սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը ՀՀ բուհեր

Իր ընթացակարգով է շարունակելու սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը ՀՀ բուհեր: Այն կսկսվի հուլիս ամսին: Դիմորդները փաստաթղթերը կներկայացնեն էլեկտրոնային տարբերակով: Մնացած բոլոր մանրամասների մասին հայտարարությունը կտեղադրվի ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջում հունիս ամսվա առաջին տասնօրյակում:

IV. Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն

Մոտենում է իր առաջին փուլի ավարտին Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը: Հունիսին կազմակերպիչները կամփոփեն տեղեկություններ մրցույթին դիմած դպրոցների և անհատների մասին և որոշում կկայացնի մրցույթի հետագա ընթացի ժամկետների և կարգի վերաբերյալ: Հաշվի առնելով այն փաստը, որ դպրոցները աշխատել են առցանց, և երեխաները ուսուցչի լիարժեք ուղղորդման և աջակցության հնարավորություն չեն ունեցել, հնարավոր են այլ լուծումներ՝ ցուցահանդեսի կազմակերպման հարցում: Հնարավոր է, որ կազմակերպիչներն առանձին-առանձին կապ կհաստատեն մասնակիցների հետ՝ խորհուրդներ տալու և հեագա համատեղ աշխատանքն իրականացնելու համար:

Միաժամանակ հայտնում ենք, որ Համահայկական կրթական խորհրդաժողովն այս տարի չեղարկվում է և տեղափոխվում է 2021թ., Համահայկական բնագիտական օլիմպիադան ևս այս տարի չեղարկվում է. այն կանցկացվի պլանավորված 2022թ.:

Սակայն ստեղծված իրավիճակում, համագործակցության ոլորտում կորուստները նվազագույնին հասցնելու, ինչպես նաև առաջացած իրական կրթական պահանջները բավարարելու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ-ն այս ընթացքում նախաձեռնում է կամ աջակցություն է ցուցաբերում մի շարք նոր ծրագրերի:
I. «Էդիտ Պրինտ» հրատարակչության հետ համատեղ նախաձեռնվել է սփյուռքահայ ուսուցիչների համար հայոց պատմության թեմաներով առցանց դասախոսությունների շարք: Դասախոսությունների առաջին շարքը նախատեսում է 15 թեման (30 դասաժամ)՝ Հայոց պատմության վերաբերյալ /թեմաների ցանկը կցվում է/: Առցանց դասախոսության ավարտից հետո տեսագրությունը տեղադրելու է կայքէջում՝ բաց օգտագործման համար: Նախապես գրանցված և դասախոսությունների ամբողջական շարքին մասնակցած, ինչպես նաև դասախոսությունից հետո առաջադրանքներ կատարած ուսուցիչներին տրամադրվելու է համապատասխան վկայական: Բացի բուն դասախոսությունից կայքէջը պարունակելու է լրացուցիչ տեղեկություններ ներկայացված թեմաների վերաբերյալ, որոնք կարող են մեթոդական օժանդակ նութ հանդիսանալ ուսուցիչների համար: Գրանցման համար կարելի է դիմել ՀՀ ԿԳՄՍՆ սփյուռքի հետ կապերի բաժին
II. Ս.թ. օգոստոսին կանցկացվի առցանց 3-օրյա կոնֆերանս՝ նվիրված COVID-19 վարակի պայմաններում սփյուռքում կրթական գործընթացի հիմնախնդիրներին: Կոնֆերանսին կարող են մասնակցել ազգային կրթության և դաստիարակության հարցերով հետաքրքրված բոլոր կազմակերպությունները և դրանց ներկայացուցիչները, ուսուցիչները: Նախատեսված է առավելագույնս շեշտը դնել առցանց կրթության կազմակերպման պայմաններում միասնական կրթական չափորոշիչների իրագործման հնարավորությանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով (գնահատում, փորձի փոխանակում, վկայականների տրամադրում և այլն) և ազգային կրթության ոլորտում ընդգրկվածության ընդլայնմանը: Հատկապես հետաքրքրական է իմանալ, թե ինչպիսի դժվարություններին են հանդիպում սփյուռքի ներկայացուցիչները և ուսուցիչները՝ Հայաստանում թագավարակի պայմաններում հեռարձակված կրթական և մշակութային ծրագրերից օգտվելիս, ինչ օգուտ կարելի է քաղել առցանց կրթության հնարավորություններից և այլն:
Սփյուռքի հետ համատեղ օրակարգը ձևավորելու ընթացակարգի, կոնֆերանսին մասնակցելու պայմանների մասին հայտարարություն կտարածվի ս.թ. հուլիս ամսին:

Բոլոր նորությունների և նոր նախաձեռնությունների մասին կտեղեկացվի լրացուցիչ: