Նյութը՝ Հասմիկ Կոշկարյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-12 09:50
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ. «ԳԻՐՔՆ ԱՆԸՆԴՀԱՏ ՁԳՏՈՒՄ Է ՎԵՊ ԴԱՌՆԱԼ...»
«Անտարես» հրատարակչությունը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ շուտով լույս կընծայի երիտասարդ արձակագիր Հովհաննես Հովակիմյանի առաջին «(Չ)վեպ» պատմվածքների ժողովածուն: ԵՊՀ-ի Հայոց լեզու և գրականություն ֆակուլտետի շրջանավարտ Հովհաննեսի հետ զրուցել ենք ժամանակակից գրականության, մերօրյա ընթերցողի, ինչպես նաև երիտասարդ գրողի առաջին գրքի մասին։

Աշխատանքային փուլում գտնվող որևէ տող ոչ ոքի չեմ տա

Գրել սկսել եմ դպրոցական տարիքից, երբ ուսուցիչները շարադրություն էին հանձնարարում, իսկ ես ինչ-որ պատմություններ էի գրում։ Իհարկե, այն, ինչով հիմա եմ զբաղվում, շատ հեռու է դպրոցականի զբաղմունքից։ Գրելն իմն է, որովհետև ես չեմ որոշում՝ գրեմ, թե ոչ։ Եթե ստիպեք՝ նստեմ երկու բառ գրեմ, չեմ կարողանա։ Բայց մեկ էլ մի ամիս հետո տասը րոպեում, անկախ ինձնից, գուցե տասը էջ գրեմ։ Դրա համար էլ, երևի, հանդուրժում եմ ինքս ինձ։ Զուսպ եմ, համբերատար։ Ի սկզբանե տպագրվելու ձգտում, ամեն դեպքում՝ գիտակցված, չի եղել։ Ամեն ինչ շատ պատահական ստացվեց. ծանոթացա Գուրգեն Խանջյանի հետ, զրուցեցինք երկար, հետո, իբրև ծանոթացման երկրորդ փուլ, կարդաց իմ մի պատմվածքը։ Ինքն էլ որոշեց հրապարակել <<Գրեթերթում>>։ Դա եղավ սկիզբը։

Իմ գործերի առաջին քննադատը ես ինքս եմ։ Մի պատմվածքի վերջնականացումը ինձնից գուցե խլի մի քանի ամիս, թեև կարող է ընդամենը 2-3 էջ լինել։ Մինչև վստահ չլինեմ տեքստի վրա, երբեք չեմ տրվի հրապարակելու գայթակղությանը։ Ընթերցողներ, իհարկե, կան. ընկերներս են, բայց ամբողջականացումից հետո միայն։ Աշխատանքային փուլում գտնվող որևէ տող երբեք ոչ ոքի չեմ տա։

 

Գրականությունն առանց քննադատության ուղղակի չի կարող շարունակվել

Գրածներիս հանդեպ առավել պատասխանատվություն ձեռք բերեցի հրապարակված երրորդ՝ <<Ռոլանդի երազը>> պատմվածքիցս հետո։ Եթե ինքս գնահատեմ՝ բացառիկ չստացված պատմվածք էր։ Տպագրվ եց <<Գրեթերթում>>, քննարկում կազմակերպվեց, ու կոշտ քննադատություն եղավ։ Դրանից հետո երևի թե ավելի լուրջ ընկալեցի գրականությամբ զբաղվելը։ Պատասխանատվություն ծնվեց ամեն գրածս բառի հանդեպ։ Ես վստահ եմ, որ գրականությունն առանց քննադատության ուղղակի չի կարող շարունակվել, որովհետև հենց քննադատությունն է նախ զտում գրականությունը, ապա նաև գնահատում ու դնում իր ճշգրիտ տեղը։ Քննադատությունն է, որ չպիտի թողնի գրողին ամեն բան հրապարակել, ինչ ուզել, ոնց ուզել՝ գրել։ Քննադատությունն է այդ ամենը կարգի բերելու։ Ու ես, այդ ամենը գիտակցելով, փնտրում եմ քննադատությունը։

 

Անկախության առաջին տարիներին մենք վատ ընթերցող ենք եղել

Ընթերցող-գիրք կապը հասկանալու համար պետք է որևէ համեմատություն անենք։ Եթե համեմատենք այսօրվա ու մեկ տարի առաջվա վիճակը՝ աճ կա։

Բայց անկախության առաջին 10-15 տարիներին մենք վատ ընթերցողներ ենք եղել։ Հասկանալի է՝ ճգնաժամային վիճակներ, պատերազմ և աշխատանք, աշխատանք, աշխատանք։ Այժմ կամաց-կամաց շտկվում, վստահաբար առաջ ենք գնում։ Կան շատ ակտիվ, ճաշակով ընթերցողներ, որոնք փորձում են իրենց շրջապատում էլ որևէ բան փոխել, ու կարծում եմ՝ ստացվում է։

 

Գրականությունը վերանալու շանսեր չունի

Գիրքը, այն երևույթը, որ նկատի ունենք <<գիրք>> բառի տակ, երբեք չի վերանում և չի արժեզրկվում։ Գրականությունը միշտ մարդու կողքին է՝ օնլայն կամ աուդիո տարբերակով, իրական ու նյութական ձևով։ Գրականությունը վերանալու շանսեր չունի։

 

Չիմացությունը ոչ մի տեղ չի տանում

Մենք բավական լավ ժամանակակից գրականություն ունենք՝ ամենատարբեր դրսևորումներով, տարբեր մտածողություններով, տարբեր ասելիք ու ոճական ինքատիպություն ունեցող հեղինակներով։ Ինձ առնվազն ժամանակակից գրականության լավ ընթերցող եմ համարում։ Ընթերցում եմ անկախ այն հանգամանքից՝ հավանում եմ, թե ոչ։ Ուրիշների սխալները սովորեցնում են չսխալվել, ուրիշների ճշգրտությունները՝ նույնպես։ Չիմացությունը, ամեն դեպքում, ոչ մի տեղ չի տանում։

 

Գիրքն անընդհատ ձգտում է վեպ դառնալ, բայց այդպես էլ չի դառնում

Գիրքն ինքն իրեն ստեղծվեց։ Մի շրջան եկավ, երբ ամեն գրածս սկսեց նախորդի հետ որևէ աղերս ունենալ, անընդհատ միտեքստային կապեր ձեռք բերել։ Մի օր էլ տեսա՝ գիրք է։ Ինքնահոսի թողնված երևույթ էր։ Վերնագրի ընտրությունը պայմանավորված է նախ և առաջ այն հանգամանքով, որ գիրքը անընդհատ ձգտում է վեպ դառնալու, բայց այդպես էլ չի դառնում։ Մեկ-մեկ էլ ձգտում է դառնալ պատմվածաշար, էլի չի դառնում։ Այսպես միջժանրային անհասկանալի տարածության մեջ է։ Իսկ առավել մանրամասն՝ գրքում կգտնեք այնպիսի տեքստ, որը հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ իրեն։

 

Գիրքը պարտավորություններ չի ունենում ընթերցողի առաջ

Գիտեմ՝ ճշմարտությունն եմ գրում։ Գուցե իմ պատմությունը չէ, գուցե իմն է, գուցե անծանոթի, բայց, վստահաբար, տեղի ունեցած կամ ունեցող որևէ բան եմ գրում։ Չեմ կեղծում, չեմ խաբում, հատկապես ինձ։ Երևի գրում եմ այն, ինչ ապրում եմ։ Գաղափար չունեմ՝ ինչ կտա ընթերցողին։

 

Մտածում եմ՝ ամեն մեկին մի բան կտա կամ առհասարակ ոչ մի բան չի տա։ Գիրքը պարտավորություններ չի ունենում ընթերցողի առաջ, հակառակը՝ հաստատ։ Կուզեմ՝ կարդան ու հասկանան թե՛ ինձ, թե՛ իրենց, թե՛ բոլորիս, որովհետև այնտեղ բոլորս կանք։