Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-24 10:50
ԲՐՅՈՒԳԵՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Աշխարհը տակավին չի թոթափել համավարակի ծանր բեռը։ Դեռ երկար ժամանակ կպահանջվի, մինչև զբոսաշրջային կենտրոններն սկսեն ապրել երբեմնի աշխույժ կյանքով։

Բելգիական Բրյուգգե գեղատեսիլ քաղաքում, որին հաճախ Հյուսիսային Վենետիկ են անվանում, համավարակի պատճառով փակ են գրեթե բոլոր տեսարժան վայրերը։ Փոխարենը Բրյուգգեն շարունակում է պահպանել ուսանողական առաջատար կենտրոնի իր վարկանիշը։ Քաղաքի «Շուկայական հրապարակում» գտնվող 13-րդ դարի միջնադարյան զանգակատունը՝ բեֆֆրուան, որ քաղաքի ամենահայտնի խորհրդանիշներից մեկն է, իր դռներն է բացել ուսանողության առաջ։ Զանգակատան ընդարձակ սրահում երիտասարդները պարապում են՝ նախապատրաստվելով քննություններին։

«Մեզ դիմել էին բազմաթիվ ուսանողներ՝ խնդրելով սրահը հատկացնել պարապմունքների համար։ Շատերը շուրջ երեք ամիս անցկացրել են ինքնամեկուսացման մեջ, փոքրիկ մի սենյակում, իրենց աշխատասեղանների առաջ նստած, առանց ընկերների։ Ոմանք նույնիսկ զրկված են եղել անձնական տարածքից, քանի որ ընտանիքի մյուս անդամներն էլ համավարակի պատճառով տնից դուրս չեն եկել։ Այն սովորողները, որոնք տանը պարապելու ոչ մի հարմարություն չունեն, մեզ մոտ կարող են տեղ ամրագրել»,- ասում է Բրյուգգեի փոխքաղաքապետ Մատիյս Գոդերիսը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն ճանաչված զանգակատանը միաժամանակ կարող են պարապել մինչև 200 մարդ։ Սեղանները տեղադրված են միմյանցից պատշաճ հեռավորության վրա։ Երիտասարդները խոստովանում են, որ նման պայմաններում պարապելը չափազանց հաճելի է։

2020 թվականի շրջանավարտները գիտեն, որ դեպի մեծ կյանք իրենք ուղեգիր են ստանում առանձնահատուկ պայմաններում։ Նրանք պիտի պատրաստ լինեն դիմակայելու բոլոր դժվարություններին։