Նյութը՝ 1in.am լրատվական գործակալության
Լուսանկարները՝ 1in.am լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-06-25 11:48
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է «UNITED FRESH LIVE» ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
Հունիսի 15-19-ը ավելի քան 50 փոքր և միջին ձեռնարկություններ Հայաստանից մասնակցեցին «United Fresh LIVE» սննդամթերքի միջազգային առցանց ցուցահանդեսին:

Հայկական ընկերությունների մասնակցությունը հնարավոր է դարձել Արևելյան գործընկերություն՝ առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնության շրջանակում, որն իրականացվում է Առևտրի միջազգային կենտրոնի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

Առաջատար այս ցուցահանդեսին Հայաստանը ներկայանում է #FruitfullArmenia առցանց տաղավարով, որտեղ ցուցադրված է հայկական չրերի, պահածոների, բուսական թեյերի, օրգանական սերտիֆիկացված արտադրանքի լայն տեսականի, ինչպես նաև մեղր, գինի, թարմ հատապտուղներ, շոկոլադ, մուրաբաներ և այլն։

Ցուցահանդեսը համախմբել է ընկերությունների 75 երկրներից՝ հնարավորություն ընձեռելով նրանց գործարար կապեր հաստատել միջազգային տարբեր շուկաների առաջատար կազմակերպությունների հետ, ուսումնասիրել գյուղատնտեսական մթերքի արտադրման, վերամշակման ու մատակարարման շղթաները և ծանոթանալ նորարարական լուծումներին՝ ուղղված արտադրողականության ու մրցունակության պահպանմանն ու բարելավմանը կորոնավիրուսային համավարակի պայմաններում։

Առաջատար փորձագետների մասնակցությամբ առցանց քննարկումների միջոցով «United Fresh LIVE»-ի մասնակիցները և այցելուները հարստացրին իրենց գիտելիքները կայուն գյուղատնտեսության զարգացման, սննդի անվտանգության, ճգնաժամային հաղորդակցության և այլ թեմաների վերաբերյալ։

«United Fresh LIVE»-ի վիրտուալ դռները բաց կլինեն ողջ ամռան ընթացքում՝ հնարավորություն տալով ցուցահանդեսի մասնակիցներին ու այցելուներին շարունակել շփումն ու ամրապնդել համագործակցությունը։ Միջոցառման կազմակերպիչն է հայտնի ամերիկյան «United Fresh Produce» ասոցիացիան։

Արևելյան գործընկերություն՝ առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությունն աջակցում է Արևելյան գործընկերության երկրների փոքր և միջին ձեռնարկություններին նոր շուկաներ մուտք գործելու հարցում՝ կենտրոնանալով Եվրոպական միության վրա: Ծրագիրը ՓՄՁ-ներին աջակցում է միջազգային և ԵՄ շուկայի պահանջներին համապատասխան բարձր արժեքով ապրանքների արտադրման հարցում՝ նրանց կապելով արժեքի ստեղծման գլոբալ շղթաների և շուկաների գնորդների հետ։

Հայաստանում ծրագիրը հիմնականում աջակցում է ագրովերամշակման ոլորտին՝ կենտրոնանալով վերամշակված մրգերի և բանջարեղենի, չորացրած մրգերի ու բանջարեղենի և խոտաբույսերի ու թեյերի վրա՝ արտահանող և արտահանման համար պատրաստ ՓՄՁ-ներին օժանդակելով արժեքի ստեղծման ամբողջ շղթայի ընթացքում՝ նրանց օգնելով ստեղծել հավելյալ արժեքով ապրանքներ՝ միջազգային և ԵՄ շուկաների պահանջներին համապատասխան, և կապեր հաստատել ԵՄ շուկաների հետ:

Հարցերի դեպքում դիմել Արևելյան գործընկերություն՝ առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնության հայաստանյան ծրագրի ղեկավար Կարեն Գևորգյանին՝ +37498255014։