Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-27 10:23
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 55 հազար դոլար է նվիրաբերել Լիբանանի կրթական հաստատություններին, որոնք երկրում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմանների հետևանքով հայտնվել են դժվարին կացության մեջ։ Միջոցները հավաքագրվել են հիմնադրամի՝ Ֆրանսիայի և Գերմանիայի տեղական կառույցների ջանքերով։

«Այժմ, երբ մեր բոլոր ճիգերն ուղղված են սատարելու Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտին, կարևոր է նաև ձեռք մեկնել Լիբանանում անելանելի դրության մեջ հայտնված մեր կրթամշակութային օջախներին, ինչպես նաև տասնյակ տարիներ գործող հայալեզու լրատվամիջոցներին։ Լիբանանում սոցիալ-տնտեսական ծանր ճգնաժամն էլ ավելի ահագնացավ համավարակի տարածմամբ։ Աշխարհասփյուռ հայկական համայնքները «Հայաստան» համահայկական հիմնադրամի մշտական ուշադրության կենտրոնում են»,- ասել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

Այս աջակցությունից բացի, ընդհանուր առմամբ 10 հազար դոլար համամասնաբար կտրամադրվի Լիբանանի հայկական լրատվամիջոցներին՝ «Ազդակ», «Զարթօնք» և «Արարատ» օրաթերթերին, ինչպես նաև «Վանա ձայն» ռադիոկայանին։

Հիշեցնենք նաև, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2019 թվականի դեկտեմբերին Լիբանանի Ազգային առաջնորդարանի միջոցով հայկական 18 կրթօջախների փոխանցել էր 150 հազար դոլար նվիրատվություն, որից 50 հազարը Արցախի կառավարության կողմից էր։