Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-08 12:28
ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐ. ՍՊԻՏԱԿ ՏԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿՆ ԱՐՏԱԲԵՐԵԼ Է «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԵԶՐՈՒՅԹԸ
Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մըքէնանին հուլիսի 6-ին իր ամենօրյա ճեպազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրին՝ նշելով, որ այն վանդալիզմի զոհ է դարձել:

Սպիտակ տան պաշտոնական կայքը վկայում է, որ նա խոսել է երկրում ցուցարարների կողմից հուշարձանների ոչնչացման հետևանքների մասին: Խոսնակը նշել է՝ թվում է, թե պատմության վերաբերյալ զրոյական պատկերացում կա, երբ նրանք պղծում են Մաթիաս Բոլդվինի և Ջոն Ուիթիերի ու Ուլիսես Ս. Գրանտի արձանը:

«Թվում է, որ հասկանալու և պատմական գիտելիքների պակաս կա, երբ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը հիշատակում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում ստրկության զոհերին, վանդալիզմի է ենթարկվել», - ասել է խոսնակը ՝ ակնհայտորեն անդրադառնալով վերջերս Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պղծմանը: 

Հուշարձանը անցյալ ամիս սոցիալական արդարության բողոքների ընթացքում վանդալիզմի է ենթարկվել՝ այնտեղ գտնվող այլ հուշարձանների հետ միասին:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է՝ կարող ենք ականատես լինել, որ այս հայտարարության մեջ կան առաջին քայլերը ` Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար: 

 

ԱՄՆ Սենատը 2019-ի դեկտեմբերին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձեւը։ Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի) և Թեդ Քրուզի (հանրապետական, Տեխաս) հեղինակած թիվ 150 բանաձևի ընդունումը հաջորդել էր Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևի ընդունմանը։ Այն 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվել էր հոկտեմբերին։