Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-08 13:53
ԶԳՈՒՇՈՐԵՆ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ ՓԱԿ ԴՌՆԵՐԸ
Իսպանիայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Բարսելոնի Սագրադա Ֆամիլիա տաճարը, հուլիսի 6-ին իր դռները բացեց բուժաշխատողների և նրանց ընտանիքների առջև՝ ի նշան շնորհակալության համավարակի դեմ պայքարում նրանց կատարած անձնուրաց աշխատանքի համար։

Հուլիսի 18-ից տաճար կարող են այցելել նաև Բարսելոնի բնակիչները։ Մինչև տարեվերջ նրանց համար մուտքն անվճար կլինի: Տաճարը կաշխատի հանգստյան օրերին՝ օրվա երկրորդ կեսին: Սակայն առայժմ հայտնի չէ, թե երբվանից Սագրադա Ֆամիլիան բաց կլինի զբոսաշրջիկների համար։ Այս մասին հայտնել է տաճարի շինարարական ընկերության վարչության գլխավոր տնօրեն Խավիեր Մարտինեսը:

«Մենք սպասում ենք, սակայն չգիտենք, թե երբ կլինի զբոսաշրջիկների հոսք, բայց Սագրադա Ֆամիլիան առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ է բացել իր դռները»,- հայտարարել է Մարտինեսը:

Հիշեցնենք, որ Սագրադա Ֆամիլիան փակվել էր մարտի կեսերին՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ։ Շինարարական բոլոր աշխատանքները նույնպես անորոշ ժամանակով դադարեցվել էին: Ճարտարապետ Անտոնիո Գաուդիի բացառիկ այս հուշարձանի՝ Սուրբ ընտանիքի քավության բազիլիկայի և Մայր տաճարի շինարարությունն սկսվել է 1882 թվականին և շարունակվում է մինչև օրս։ Շուրջ 140 տարի տաճարը կառուցվում է, սակայն նրա կեսն անգամ դեռևս ավարտված չէ։ Այդուհանդերձ կառույցն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է։

Երկարատև դադարից հետո հուլիսի 6-ին բացվել է նաև աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը՝ Լուվրը։ Մուտքը հնարավոր է միայն նախապես գրանցվելով։ Այցելուներից պահանջվում է դիմակներ կրել: Առաջին այցելուներն արդեն մուտք են գործել Լուվր։ Աշխարհի ամենաշքեղ թանգարաններից մեկը փակ էր շուրջ 3,5 ամիս։

 «Լուվրը բացեց դռներն այցելուների համար: Թանգարանի ղեկավարության և անձնակազմի համար սա անհամբերության, վախի և հույսի պահ է: Կարանտինային նորմերի պատճառով թանգարանը կորցրել է ավելի քան 40 միլիոն եվրո՝ զրկված լինելով ԱՄՆ-ից, Չինաստանից, Կորեայից, Ճապոնիայից, Բրազիլայից և այլ երկրներից անդադար եկող զբոսաշրջիկներից»,- նշված է թանգարանի հաղորդագրության մեջ:

Ինչպես տեղեկացնում է Le Monde-ը, թանգարանի այցելուների 75%-ը սովորաբար օտարերկրացիներ են: Այս օրերին Լուվրի այցելուները կլինեն միայն հարևան երկրներից ժամանած եվրոպացիները։ 1793 թվականի օգոստոսի 10-ից բացված թանգարանն այսքան երկար ժամանակով չէր փակվել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: