Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-12 10:22
«ԳԱՐԴԵՆԻԱ», «ԻՆՉ Է ՏԵՍԵԼ ՊԱԼԱՏԱԿԱՆԸ». ԻՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԲԱՑԵԼ Է ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՓԱԿԱԳԾԵՐԸ
Դերասանուհի, ռեժիսոր Իրա Հարությունյանը Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում բեմադրում է «Ինչ է տեսել պալատականը» ներկայացումը: Դերասանուհին նաև զբաղված է «Գարդենիա» բեմադրության մեջ, որը խաղալու են բացօթյա հարթակում:

Հարությունյանը ներկայացումների վերաբերյալ մանրամասներ է հայտնում թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված տեսանյութում:

««Գարդենիա» ներկայացման բեմադրիչը Գոռ Մարգարյանն է: Սկզբում կարծում էինք, որ այն լավ կլինի մատուցել բեմում, բայց Մարգարյանը, տեսնելով թատրոնի բակը, որոշեց ներկայացումը պատրաստել այնտեղ»,- պատմեց Հարությունյանը՝ շեշտելով, որ ներկայացումը բացօթյա հարթակում խաղալու մտահղացումն առաջացել է շատ ավելի վաղ, քան մեր երկրում կհասցներ լայն տարածում գտնել կորոնավիրուսը:

Ռեժիսորն անդրադարձավ նաև Ջո Օրտոնի «Ինչ է տեսել պալատականը» ներկայացմանը, որի բեմադրիչն ինքն է: Հարությունյանը նշեց, որ հավանաբար շատ թատերասերների ծանոթ է պիեսի անվանումը, քանի որ  այն ավելի քան տասը տարի առաջ թատրոնում բեմադրել է Ալեքսանդր Գրիգորյանը:

«Ռուսական թատրոն վերադարձավ մեր արտիստներից Արմեն Արնաուտովը, որը տարիներ առաջ զբաղված է եղել այդ ներկայացման մեջ՝ փայլուն խաղալով իր դերը: Որոշվեց այս ներկայացումը ադապտացնել և այն պատրաստել բացօթյա հարթակում»,-ընդգծեց Հարությունյանը և հավելեց, որ կատակերգության մեջ զբաղված են դերասաններ Գրիգորի Կիրակոսյանը, Լենա Վարդանյանը, Աննա Մանուչարյանը, Արմեն Մարգարյանը և այլք: