Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-12 10:26
ԼԵՀ ԴՐԱՄԱՏՈՒՐԳ ՍԼԱՎՈՄԻՐ ՄՐՈԺԵԿԻ ՊԻԵՍՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԲԵՄԱԴՐՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, բեմադրիչ Մանվել Խաչատրյանը պատրաստվում է թատերասերների դատին հանձնել լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի ստեղծագործության հիման վրա բեմադրված «Ամռան օր» ներկայացումը:

«Մենք այժմ գտնվում ենք թատրոնի փոքր դահլիճում, սակայն այն ինձ համար ահռելի է, քանի որ այստեղ հսկայական ստեղծագործական աշխատանք է կատարվում, որը ես շատ եմ սիրում: Մենք շատ ենք կարոտել մեր հանդիսատեսին և աշխատում ենք Սլավոմիր Մրոժեկի «Ամառային օր» պիեսի բեմադրության վրա: Այս գործի մասին վաղուց էի մտածում: 2003 թվականին անգամ խաղացել եմ «Ամռան օր» ներկայացման մեջ, որը բեմադրել էր իմ ընկերներից մեկը: Այս ստեղծագործությունն ինձ շատ է դուր գալիս, ես այն շատ լավ գիտեմ և հույս ունեմ, որ հետաքրքիր ներկայացում կստացվի»,-նշում է ռեժիսորը:

Խաչատրյանը շեշտում է, որ համագործակցում է իր խաղընկերների, լավ ընկերների՝ Լիլյա Մուկուչյանի, Արեն Խաչատրյանի, Սերգեյ Գրիգորյանի և Աննա Մանուչարյանի հետ, որը վերջերս է համալրել թատրոնը դերասանական կազմը:

Ռուսական թատրոնում «Ամռան օր»-ը  Մանվել Խաչատրյանի երկրորդ բեմադրական աշխատանքն է: Առաջինը «Փղերի երկար ուղին» ներկայացում է եղել: