Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-13 14:13
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԵՎ ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՍՏՂԵՐԸ ԶԱՐԴԱՐԵՑԻՆ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ
Շառլ Ազնավուրի հրապարակում, որը տարիներ առաջ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ջանքերով վերածվեց հայ կինոյի մեծերի աստղային ճեմուղու, բացվեցին արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի և արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանի աստղերը։

 

Աստղերի բացման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 12-ի երեկոյան՝ սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ:

«Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև մեր մեծերը, որոնք հեռացան մեզնից, սպասում են մեր վերաբերմունքին։ Ժամանակին «Ոսկե ծիրանը» բացեց այս աստղերի ճեմուղին՝ մշտապես հիշելու անարդար կերպով մոռացված հայ կինեմատոգրաֆիստներին։ Մենք սիրում ենք նրանց, դիտել ենք նրանց ֆիլմերը, տեսել, թե ինչ դժվար պայմաններում են ստեղծում կինո։ Մենք նրանց շարունակողն ենք»,-աստղերի բացման արարողությանը նշեց «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը՝ կարևորելով երկու գործիչների անցած ուղին և հույս հայտնելով, որ ոչ ոք չի մոռանա նրանց ու նրանց ավանդը։

Համավարակային իրավիճակով պայմանավորված Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ, հուլիսյան «ծիրանային» օրեր ու անակնկալներ կլինեն: Վաղուց արդեն միջազգային կինոշուկայում ճանաչում վայելող «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հիմնականում չեն հետաձգվի ու կանցկացվեն նախապես որոշված օրերին՝ հուլիսի 13-16-ը, առցանց: