Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-15 20:02
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՏԻՄ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱ¬ՑՈՒՄ¬ՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ․ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 144 ՀԱՄԱՅՆՔ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածք¬ների նախարարության նախաձեռնությամբ՝առցանց աշխատաժողովի ձևաչափով այսօր ՏԻ մարմիններին է ներկայացվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների և լրա¬ցում¬ների փաթեթը։

Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Օրենքի նախագիծը շահագրգիռ մարմինների հետ քննարկումներից և  նրանց կարծիքների հիման վրա լրամշակվելուց հետո կներկայացվի կառավարություն։

Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության Աշոտ Գիլոյանի խոսքով՝ ՏԻՄ օրենքի փոփոխությունների փաթեթը վերաբերում է տեղական ինքնակառավարման ողջ  համակարգին և ուղղված է վերջինիս կիրառման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացմանը։ Ա․ Գիլոյանը նշել է, որ նախարարությունը որդեգրել է օրենսդրական նախաձեռնություններն առաջնահերթ շահառուների հետ քննարկելու սկզբունքը՝  նպատակ ունենալով համատեղ քննարկումների արդյունքում  ներդնել  կառավարման առավել արդյունավետ գործիքներ։ 

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխություններով հստակեցվում են ՏԻ մարմիններին վերապահված մի շարք լիազորություններ, լրացվում են օրենսդրական բացերը։Մասնավորապես՝ փոփոխություններ են առաջարկվում ավագանու նիստերի կազմակերպման, անցկացման, ավագանու, համայնքի ղեկավարի վաղաժամկետ հրաժարականի, վարչական ղեկավարի,  համայնքի ղեկավարի տեղակալի գործառույթները կարգավորող հոդվածներում։ Փոփոխություններ կկատարվեն նաև համայնքներում տեղանունների անվանափոխության կամ անվանակոչման հոդվածներում՝ որոշ դեպքերում ներդնելով  հանրային լսումների  անհրաժեշտությունը։

Ներկայացվել են նաև  համայնքներում տեղեկատվության ազատության ապահովմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները, անդրադարձ է կատարվել համայնքային կայքերում պարտադիր համարվող տեղեկությունների ցանկի ընդլայնման և կայքի՝  սահմանված ձևաչափով սպասարկմանը վերաբերող  հարցերի։ Նախատեսվում է, որ GIZ աջակցությամբ մանկապարտեզների էլեկտրոնային կառավարման համակարգն  աստիճանաբար կներդրվի նաև համայնքային կայքերում։

 Աշխատաժողովի ընթացքում  համայնքների ներկայացուցիչներն իրենց կարծիքն են հայտնել  առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ։ՏԻ հարցերի համակարգման բաժնի պետ Կարեն Բակոյանը և Համայնքային տեղեկատվական հոսքերի կառավարման բաժնի պետ Գարեգին Մանուկյանը պարզաբանումներ են ներկայացրել բարձրացված հարցերի շուրջ։Համայնքների առաջարկությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով հանդիպումներ կազմակերպել նախարարության այլ նախաձեռնությունների մասով ևս։

Նշենք, որ աշխատաժողովը կազմակերպվել էր  «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, որն  իրականացվում է ԳՄՀԸ կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնա­յին նախա­­րարության պատվիրակմամբ և Հայաստանում՝ ՇԶՀԳ համաֆինանսավորմամբ: