Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-23 23:59
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՃԸ. ԿԲ ՊԱՇՏՈՆՅԱ
Եկամտային հարկի նվազեցումն ամբողջությամբ կփոխհատուցի քաղաքացիների կողմից կատարվող սոցիալական վճարի աճը:

Այս մասին տնտեսական լրագրողների ակումբի կողմից կազմակերպված հեռավար քննարկմանն ասաց ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության առաջատար մասնագետ Վիգեն Շահնազարյանը՝ անդրադառնալով Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի կարգավորումներին: 

«Սոցիալական վճարների հաշվարկման առավելագույն շեմը նշանակում է, որ մենք դրանից ավելի մասի նկատմամբ չենք կուտակում: Մինչև այս տարվա հուլիսի 1-ն առավելագույն շեմը 500 հազար դրամն էր, իսկ այս հուլիսի 1-ից հետո դառնում է նվազագույն աշխատավարձի 15-ապատիկի չափ, այս պահին այն կազմում է 1 մլն 20 հազար դրամ»,-ասաց Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ հուլիսից այս փոփոխության արդյունքում մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար ոչինչ չի փոխվելու այս տարի, իսկ դրանից ավելի ստացողները կսկսեն վճարել իրենց աշխատավարձի 10 տոկոսի և 37 հազար 500-ի տարբերությունը (առավելագույնը 64 հազար 500 դրամ՝ 1.02 մլն ստացողների համար):

Շահնազարյանը հիշեցրեց, որ մինչև 2018-ի հուլիսը բաշխումը կատարվում էր հետևյալ կերպ՝ 5 տոկոսը տալիս էր անձը, 5 տոկոսը՝ պետությունը, յուրքանչյուրինն առավելագույնը 25 հազար դրամ: Եվ յուրաքանչյուր մարդ առավելագույնը 50 հազար դրամ կուտակում էր իր հաշվին: «Այնուհետև, երբ 2018-ի հուլիսին համակարգն ամբողջությամբ ներդրվեց, կառավարությունը որոշեց, որ սկզբնական շրջանում պետք է փոխհատուցի մարդկանց բեռը: Եվ որոշվեց, որ սոցիալական վճարի մի մասը պետությունը վերցնում է իր վրա՝ ոչ ավելի, քան 12 500 դրամ: Եվ քանի որ շեմը 500 հազար դրամ էր, մարդկանց մոտ ձևավորվել է այն կարծիքը, որ մարդիկ վճարում են 2.5 տոկոս, պետությունը՝ 7.5 տոկոս, և տասը տոկոսը փոխանցվում է մարդու կենսաթոշակային հաշվին: Եվ ըստ էության այդ տոկոսային հարաբերությունը փոխվում է»,-ասաց նա:

Շահնազարյանը նաև նշեց, որ երբ 2018-ին պետությունը որոշեց, որ սոցիալական վճարի մի մասը իր վրա է վերցնում, պայման դրվեց, որ դա արվում է մինչև եկամտային հարկի համապատասխան նվազեցումները: Այսինքն, երբ եկամտային  հարկը կնվազի, որն ըստ էության կփոխհատուցի սոցիալական վճարի աճը, այդ ժամանակ վերադարձ կկատարվի 5 տոկոս-5 տոկոս բաշխմանը: «Բայց քանի որ եկամտային հարկը նվազում է աստիճանաբար, պետության այդ նույն «էքզիթը» նույն կերպ աստիճանաբար է տեղի ունենում: Մյուս տարվանից պետության կողմից վճարվող 7.5 տոկոսը իջնելու է 6.5 տոկոսի, հետո 5.5 տոկոսի, հետո 5 տոկոսի: Երբ եկամտային հարկի նվազումն ավարտվի, այն հասնի 20 տոկոսի, վերադարձ է կատարվելու 5 տոկոս-5 տոկոս բաշխմանը»,-ասաց նա:

Շահնազարյանը շեշտեց, որ սահմանված է սոցիալական վճարի առավելագույն չափ, ամենաշատը կլինի 2023-ին՝ 77 հազար դրամ: Այսինքն` բարձր եկամուտ ստացողները՝ 1 մլն 20 հազար և ավելի ստացողներն առավելագույնը վճարելու են 77 հազար դրամ:

«Կարել է ասել,որ եկամտային հարկի նվազեցումն ամբողջությամբ փոխհատուցում է սոցիալական վճարի աճը: 2021-ից հետո ամբողջությամբ բոլորինը փոխհատուցում է, բոլորը պլյուսով են դուրս գալիս, քանի որ եկամտային հարկը ավելի շատ է նվազում, քան աճում է սոցիալական վճարը»,-ասաց նա:

Շահնազարյանի խոսքով՝ եթե շեմը չի փոխվում, այն չի աճում ինչ-որ պարբերականությամբ՝ տնտեսությունում աշխատավարձերի աճին զուգընթաց, ապա դա հանգեցնում է գլոբալ խնդրի՝ թերի կուտակումների: «Մարդկանց համար ունենալու ենք ցածր փոխհատուցման գործակից, դա կենսաթոշակի հարաբերությունն է վերջին աշխատավարձի նկատմամբ: Թիրախը մոտ քառասուն տոկոսն է, որ դրանից ցածր չլինի: Եթե շեմը չենք ինդեքսավորում, ապա դա անհասանելի թիրախ է դառնում, և համակարգը իմաստազրկվում է»,-նշեց նա: