Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-30 17:45
ՎԱՆԱՁՈՐԻ ԹԱՏՐՈՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը արտակարգ դրության ամբողջ ժամանակահատվածում իրականացրել է առցանց հեռարձակումներ՝ փորձելով պահել կապը հանդիսատեսի հետ։

Թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը փաստում է, որ առցանց հարթակում թատրոնի ներկայացրած բեմադրությունների դիտումների թիվը գերազանցել է սպասելիքները՝ շուրջ 35 հազար հանդիսատես և առցանց ցուցադրված մեկ տասնյակի հասնող ներկայացումներ. «Ռուզան», «Չար ոգի», «Արյունոտ հարսանիք», «Լիր արքա», «Ես միայն զանգահարելու եմ եկել» և այլն։

«Հանդիսատեսը կարոտում է թատրոնը, և այս մասին փաստում են սոցցանցերում արվող մեկնաբանությունները։ Առցանց տիրույթում մրցունակ լինելը, ինչ խոսք, կարևոր է, բայց հաշվի առնելով, որ թատրոնը կենդանի արվեստ է, հնարավոր չէ ամեն բան կազմակերպել լիարժեք և լիովին՝ առանց հանդիսատեսի հետ կենդանի շփման: Կարծում ենք, որ արդեն իսկ անհրաժեշտ է վերսկսել աշխատանքը հանդիսատեսի համար՝ պահպանելով պարետատան կանոնները և անվտանգության բոլոր նորմերը համավարակի շրջանում։ Նախ՝ հանրությունն իսկապես սթրեսային վիճակի մեջ է, որ մշակույթին է վերապահված փրկօղակի դերը, և երկրորդ, որ դերասանական, գեղարվեստական համակազմը կարիք ունի լավ մարզավիճակում լինելու»,- նշում է նա:

Տնօրենի խոսքով՝ եթե թատրոնները կարողանան ձեռք բերել ախտահանման սարքեր՝ 590 հազար դրամ արժողությամբ /ներառյալ ԱԱՀ/, կարելի կլինի ասել, որ անվտանգությունը մեծ մասամբ ապահովված է։ «Այս սարքերը խցիկներ են, որոնք տեղադրվում են կազմակերպության (թատրոն, դպրոց, կլինիկիա, ռեստորան, գործարան) մուտքի մոտ, և մուտք գործելիս մարդիկ ախտահանվում են։ Ախտահանումը տեղի է ունենում անհպում, 360 աստիճանով, 5 տեղից, նույնիսկ կոշիկներն են ախտահանվում։ Տարողունակությունը 10 լիտր է, որը բավականացնում է 1000-1200 մարդու ախտահանման համար։ Սարքը շուկայում միակ էկոնոմ­ տարբերակն է, քանի որ մեկմուտքանի է։ Վանաձորի թատրոնի բակն ունի բացօթյա ներկայացումներ խաղալու եզակի հնարավորություններ։ Այս պահին ընթանում են երկու բացօթյա ներկայացման փորձեր։ Հաշվի առնելով, որ շատ դժվար է, երբ գոյություն ունեցող ներկայացումն է հարմարեցվելու բացօթյայի պահանջներին, որոշել ենք ներկայացում ստեղծել հենց բակի համար»,- շեշտում է Սահակյանն ու հավելում, որ Ստեփան Զորյանի «Խնձորի այգին» ստեղծագործության մոտիվներով ներկայացում է պատրաստվում հանդիսատեսի դատին հանձնել թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։

Ներկայացումը պլանավորվում է խաղալ Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի այգում։ Արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ, իսկ ավարտական փորձերը և ներկայացումը Զորյանի այգում մեկնարկելու թույլտվություն ակնկալում են ստանալ Վանաձորի քաղաքապետարանից։ Թատրոնի դերասան, բեմադրական մասի վարիչ Արամ Մխիթարյանը ցերեկային ներկայացում է պատրաստում բակի համար։ Մանկական ներկայացումը բեմադրված է վեց հեքիաթի մոտիվներով («Մատնաչափիկ», «Մոխրոտը», «Սուտլիկ որսկանը», «Գեղեցկուհին և հրեշը», «Կոշկավոր կատուն» և «Բժիշկ Այբոլիտը»)։ Բեմադրված են հատվածներ հեքիաթներից՝ երաժշտական և պարային անցումներով։  Հանդիսատեսին շատ հետաքրքիր վերջաբան է սպասում «Բժիշկ Այբոլիտը» բեմադրության ավարտին: Երկու ներկայացումներն էլ շուտով պատրաստ կլինեն, իսկ թե երբ կհանձնվեն հանդիսատեսի դատին, կախված կլինի միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ պարետի և ԿԳՄՍ նախարարության որոշումներից։

«Առաջիկայում հանդես կգանք նաև հեռուստաթատրոնի ադապտացիոն տարբերակով՝ թատերական խաղը զուգակցված ժամանակակից տաղավարային նկարահանմամբ: Ռեժիսորը թատրոնի երիտասարդներից է՝ Արեն Օսիպյանը։ Սպասվող ներկայացման միտքը ծնվել է հենց համավարակի ժամանակաշրջանում, մինչ այս արտակարգ դրությունը և պարտադրված պարապուրդն, իհարկե, կային տարբեր մտքեր, նոր լուծումներով բեմադրությունների քննարկումեր: Ստեղծել ենք նոր ձևաչափ, նոր կապ, որը թատրոնից և´ տարբերվում է, և´ այնքան էլ չի տարբերվում։ Առաջիկա նախագիծը «հեռուստաթատրոն» կարելի է անվանել, քանի որ էկրանավորվելու է: Բոլոր գործողությունները տեղի են ունենալու բեմից դուրս։ Ֆիլմի տարբերակով ներկայացում է, որը թե՛ հանդիսատեսի, թե՛ դերասանի համար նոր ձևաչափ է։ Հեռուստաներկայացման հիմքում Ա. Չեխովի «Արջը» և «Առաջարկություն» ստեղծագործություններն են։ Ի դեպ, «Արմմոնո» փառատոնն օգոստոսի 8-ին կհյուրընկալվի Վանաձորի թատրոնում՝ բացօթյա-առցանց ձևաչափով․ կներկայացվեն Գրիգոր Նարեկացու «Մատյանը»՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի մատուցմամբ, և Սամվել Խալաթյանի «Մի ֆունտ սիրտ» ստեղծագործությունը՝ գրված «Վենետիկի վաճառականը» պիեսի հիման վրա, որտեղ Շեյլոկի դերում ՀՀ վաստակավոր արտիստ Արամայիս Սարգսյանն է»,- պատմում է թատրոնի տնօերնը:

Ադրադառնալով շենքի վերանորոգմանը, որին անհամբեր սպասում են ինչպես աշխատակազմը, այնպես էլ մեր շատ սիրելի հանդիսատեսը, նա նշում է, որ նախագիծն այս պահին լրամշակման փուլում է․ արդյունքների մասին անպայման կտեղեկացնեն։ Օգտագործելով արտակարգ դրության ժամանակահատվածում առաջացած պարապուրդը, թատրոնի բեմը վերազինել են ինքնաշխատ սարքավորումներով, որն զգալիորեն կհեշտացնի հանդիսատեսի և ոչ միայն հանդիսատեսի համար անտեսանելի, բայց իրականում բավականին բարդ աշխատանքը, որ միայն արվեստի մարդկանց բնորոշ նվիրումով կատարել և կատարելու են բեմադրական մասի վարիչն ու բեմի մոնտաժորդները։