Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-03 17:55
NETFLIX-Ը «ԽՈՍՏՈՒՄԸ» ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Է ՍՏԱՑԵԼ
Ամերիկյան Նեթֆլիքս (Netflix) ընկերությունը Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» հոլիվուդյան ֆիլմը հեռարձակելու հեղինակային իրավունք է ձեռք բերել:

Այս մասին «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը:

«Ուրախ ենք հայտնել, որ Նեթֆլիքսը «Խոստումը« ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել: Շնորհակալ ենք բոլորին աջակցության համար: Կարծում ենք, որ այսպես ավելի կմեծանա մարդկանց տեղեկացվածությունը: Մեծահոգության համար շնորհակալ ենք մեր սիրելի ընկեր և բարերար Քըրք Քըրքորյանին»,-գրել է Էսրայելյանը:

Ֆիլմի ցուցադրությունը սկսվելու է օգոստոսի 8-ից։

Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա նշել էր, որ Ֆիլմի գլխավոր նպատակն է պատմել մեր պատմությունը՝ հնարավոր տեսանելի մեխանիզմներով: «Մենք ցեղասպանության պատմական փաստերի մասին հիանալի գրքեր ունենք, բայց նաև պետք է օգտագործենք տեխնոլոգիաները, ֆիլմարտադրությունը՝ այդ պատմությունն աշխարհին ցույց տալու համար: Նպատակը պարզապես ֆիլմ ստեղծելը չէր, այլ մարդկանց տեղյակ պահելը: Մենք սոցիալական շարժում էինք սկսել՝ «Պահպանենք խոստումը» (#KeepThePromise), Քըրքորյանը խոստացավ ֆինանսավորել ֆիլմը, մենք խոստացանք ֆիլմն ավարտին հասցնել, երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը, և մենք հիմա պետք է խոստանանք երբեք թույլ չտալ այլ մարդկանց նկատմամբ կրկին ցեղասպանություն գործել: Շատ քիչ ֆիլմեր կան, որոնք փաստացի այդքան կյանք ու ազդեցություն ունեն, որքան «Խոստումը» ունի այսօր»,-ընդգծել էր նա:

«Խոստումը» կինոնկարի ռեժիսորը Թերի Ջորջն է: «Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:

Ֆիլմի դերակատարներից Մայքլը հայ դեղագործ է, որը թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, որը եկել է այդ երկիր, որպեսզի լուսաբանի Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքն այդ ռազմաճակատում, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Մայքլի և Քրիսի միջև մրցակցություն է ընթանում Անային գրավելու համար: Առաջին համաշխարհային պատերազմի ու Հայոց ցեղասպանության ժամանակահատվածում էլ ծավալվում է այս սիրային եռանկյունին: