Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-04 09:20
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՎՃՌԱԿԱՆ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՅՈՒՆԻՖԻԼ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար, փոխվարչապետ տիկին Զեյնա Աքարի հետ:

Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գործընկերոջը Լիբանանի զինված ուժերի 75-ամյակի կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների զինված ուժերում համաճարակային իրավիճակը, կարծիքներ փոխանակել փոխգործակցելու լրացուցիչ հնարավորությունների ստեղծման շուրջ:

Զեյնա Աքարն ընդգծել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման մասնակցության կարևորությունը Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությունում, ինչին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է հայկական կողմի վճռականությունն այն շարունակելու գործում:

Դավիթ Տոնոյանն ու Զեյնա Աքարը անդրադարձել են նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներին և երկկողմ համաձայնագրերի շրջանակներում ռազմական համագործակցության ընդլայնման ու խորացման անհրաժեշտությանը: