Նյութը՝ armradio.am
Լուսանկարները՝ armradio.am
Տեղադրվել է 2020-09-19 17:13
ԿԱՆՑԿԱՑՎԵՆ 18-27 ՏԱՐԵԿԱՆ ԿԱՆԱՆՑ 45-ՕՐՅԱ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ
Հոկտեմբերի 1-ից կմեկնարկի կանանց նախնական զինվորական պատրաստության վարժանքների դիմումների ընդունումը:

Զինվորական  պատրաստության վարժանքներ կազմակերպվում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:

Ծրագրին կարող են դիմել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչները:

Ծրագրի շրջանակում մասնակիցները 45 oր կվերապատրաստվեն  զորանոցային պայմաններում՝ ձեռք բերելով զինվորի հմտություններ: Բանակումի մասնակիցների առօրյան կազմակերպվելու է ԶՈՒ-ում ընդունված ձևաչափով, զորամասի օրվա կարգացուցակով՝ ժամը 6:30-ին վերկաց, մարմնամարզություն, նախաճաշ, դասարանային ու դաշտային պարապմունքներ և այլն: Արգելված են լինելու տեսակցությունները, զորամասի տեղաբաշխման վայրից ազատ արձակումները, արձակուրդները, ինչպես նաև զորամասի տարածքում տեսաձայնագրման, տեսանկարահանման հնարավորություն ունեցող բջջային հեռախոսների օգտագործումը:

Մինչ ծրագրում ընդգրկվելը թեկնածուները կմասնակցեն հարցազրույցի, կանցնեն համալիր բուժզննում, հոգեբանական թեստավորում (կստուգվեն թեկնածուների կողմնորոշման ընդունակությունը, հարմարվողականությունը ծառայության պայմաններին, սթրեսակայունությունը և այլն), որից հետո կհանձնեն նորմատիվներ ֆիզիկական պատրաստությունից։ Վարժանքների ավարտին կկազմակերպվի մասնակիցների ավարտական ստուգարք: Լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները ցանկության դեպքում հնարավորություն կունենան որպես պայմանագրային զինծառայող ընդգրկվելու ՀՀ զինված ուժերում՝ ծառայության անցնելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված պայմաններում և վայրում ՀՀ ԶՈՒ ընդունված ձևաչափով:

Վարժանքների սկզբում և վերջում կմասնակցի նաև Աննա Հակոբյանը:

Ցանկացողները դիմումները՝ (անձնագրի պատճեն ու ինքնակենսագրական) կարող են ուղարկել Աննա Հակոբյանի գրասենյակ՝  info@annahakobyan.am հասցեով, ս.թ. հոկտեմբերի 1-ից 31-ը: