Նյութը՝ Անահիտ Ավագյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-09-21 16:16
1991 ԹՎԱԿԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21 «ԱՅՈ՛» ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ
1990-98թթ. ՀՀ խորհրդարանի պատգամավոր, «Ազգային ինքնորոշում միավորման» հիմնադիր-նախագահ

Սեպտեմբերի 21-ին մենք ոչ թե Անկախություն ենք ստացել, այլ տեղի է ունեցել հայ ժողովրդի կողմից անկախության գաղափարի հաստատումը, հայ ժողովուրդը հայտնել է իր դիրքորոշումը դրա վերաբերյալ, հետևաբար, այդ օրը ոչ թե Անկախության օրն է, այլ՝ Ինքնորոշման: Մենք Անկախության օր ունեցել ենք, պաշտոնապես ազգային պետական մակարդակով Անկախության օրը նշվել է մայիսի 28-ին, և 1988-ի մայիսի 28-ին, երբ առաջին անգամ Հայաստանում ԱԻՄ-ի խիզախ գործողություններով «Լենին-պարտիա-Գորբաչով» մթնոլորտում շարժվեց Եռագույնը, մենք նշում էինք Անկախության վերականգնման 70-ամյակը: Մեր հայրերը 1919 թվականին որոշել էին, որ Մայիսի 28-ը պետք է նշեն որպես Անկախության օր:

Մեր օրերի համար Անկախության օր կարելի է Անկախության Հռչակագրի օրը՝ օգոստոսի 23-ը ընդունել, իսկ Սեպտեմբերի 21-ը ինքնորոշման օրն է: Ինքնորոշումը ավելի բարձր գաղափար է, քան անկախությունը: Ինքնորոշումը ծառ է, անկախությունը՝ պտուղ:

Հայ ժողովուրդը Անկախության համար պայքարել է տարբեր ժամանակներում, տարբեր մակարդակներով, անհատներով, կազմակերպություններով: Այդպիսի պայքար սկսվել է 1966 թվականին՝ Ազգային միացյալ կուսակցության հիմնադրմամբ: Ես պատիվ եմ ունեցել 1968-ին դառնալ այդ կազմակերպության նախ փաստացի, իսկ 1973-ին՝ ընտրված ղեկավարը:

Հայաստանը դարձավ միջազգային իրավունքի ենթակա, մինչ այդ մենք չունեինք իրավահավասար ընտանիքի անդամի կարգավիճակ: Հանրաքվեից հետո մենք ստացանք այդ կարգավիճակը: Անկախության վերականգնումը ինքնին մեծ ձեռքբերում է ժողովրդի կյանքում: Անկախությունը որպես բազմաճյուղ ձեռքբերում այնքան մեծ էր, որ բացթողումները կարող ենք մանրուք համարել:

Անկախության ձեռքբերումը պետք է ուղեկցվեր ժողովրդավարության ուղղությամբ մեր քայլերով։ Մենք բավարար չենք գործել որպես պետություն, մենք բռնի կերպով մեր ազգային արժեքային համակարգում տեղի ունեցած բացասական փոփոխությունները չենք ուղղել: Մասնավորապես, մենք այսօր գրում ենք բոլշևիկյան ուղղագրությամբ: Քանի որ ժողովրդավարական ճանապարհով ենք անկախացել, պիտի մեծ ուշադրություն դարձնեինք ժողովրդավարությանը: Բայց, ցավոք սրտի, Առաջին Սահմանադրությունից սկսած՝ ընդդեմ ժողովրդավարության քայլեր ենք արել: Վերջինը այսօրվա Սահմանադրությունն է, որտեղ քաղաքացիների դերակատարությունը բավականին պակասել է:

Ուզում եմ հավատալ, որ նոր սերունդը կանի ավելին, քան մեզ հաջողվեց անել, մանավանդ որ իրենք գործում են ազատ պայմաններում: Ես չեմ ուզում ձեռքերս ծալած նստել: Եթե մենք Տիրոջ կամքով ձեռք ենք բերել ոչ միայն ազգային ծրագրերի իրականացման հնարավորություն, այլև փորձառություն, այդ փորձառությունը մինչև վերջ պետք է ծառայեցնել նպատակին: Երիտասարդներն ունեն եռանդ, խանդավառություն, նրանց այդ դրական երևույթներին պետք է ավելացվի մեծահասակների փորձը:

Ամենամեծ բանը, որ ծնողը կարող է անել իր երեխայի համար, դա երեխային ինքնորոշման հնարավորությամբ ապահովելն է: Մենք մեր պետականությունը վերականգնել ենք, բայց պետք է նաև այնպես անենք, որ ազգը, որը բաղկացած է քաղաքացիներից, այնպիսի Սահմանադրություն ունենա, որ հետագայում նորանոր ձեռքբերումների նախադրյալներ լինեն՝ մարդկանց անհատական և հավաքական ինքնորոշման հնարավորության համար: Դա ես պայմանականորեն կոչել եմ Բացարձակ ժողովրդավարության համակարգ։