Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-09-22 15:50
ԳԻՏԵ՞Ք ՈՐ… ՋԵՆԳԱ
Սեղանի խաղերը մեր օրերում հարստացել են ևս մեկով, որն օրեցօր ավելի ու ավելի է տարածվում։

Շատ տեղերում նույնիսկ կազմակերպվում են փոքրիկ մրցաշարեր։ Խոսքը ջենգա (անգլ.՝ Jenga) խաղի մասին է, որի ծնունդը կապվում է 1970-ականների հետ։ Այն ստեղծել է խաղերի դիզայներ բրիտանուհի Լեսլի Սքոթը։ Նա ծնվել է Տանզանիայում։ Տիրապետել է ինչպես անգլերենին, այնպես էլ տեղացիների մայրենի լեզվին, որը կոչվում է սվահիլի կամ քիսվահիլի։ Հենց այդ լեզվից էլ վերցրել է խաղի ջենգա անվանումը, որը «կառուցել» բայի հրամայական ձևն է։ Խաղի ստեղծման համար խթան են հանդիսացել նրա մանկական հիշողությունները։ Լեսլիի ընտանիքում բոլորն էլ սիրում էին փայտե խորանարդիկներից աշտարակներ կառուցել։ Իսկ Լեսլիին դուր էր գալիս արդեն կառուցված աշտարակի միջից աղյուսներ հանել և դնել ամենավերևի շարքում. աշտարակը թեպետ դառնում էր խարխլուն, բայց շարունակում էր կանգուն մնալ ու ավելի բարձրանալ։ Հետո փոքրիկ աղջնակի այդ հնարքը հրապուրեց նաև ընտանիքի մյուս անդամներին։ Յուրաքանչյուրը փորձում էր մի աղյուս հանել այնպես, որ աշտարակը չքանդվի։ Այդ խաղում պարտվում էր նա, ում հանած կամ տեղադրած հերթական աղյուսից հետո աշտարակը փլվում էր։

1983 թվականին Լեսլի Սքոթի հեղինակած խաղը թողարկեց London Toy Fair ընկերությունը, իսկ վաճառքն իրականացնում էր Leslie Scott Associates ընկերությունը։ Խաղի տարածմանը մեծապես նպաստել է Parker Brothers ընկերությունը։ Աշտարակի կառուցման համար նախատեսված է փայտե 54 աղյուս, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը 3 անգամ մեծ է լայնությունից։ Խաղի սկզբում կառուցվում է 18-հարկանի աշտարակ։ Հարկերից յուրաքանչյուրը կազմվում է 3 աղյուսից, որոնք զուգահեռ դրվում են կողք կողքի։ Հաջորդ ամեն հարկի աղյուսները դրվում են նախորդի վրա՝ հակառակ ուղղությամբ։ Աշտարակի կառուցումից հետո սկսվում են խաղաքայլերը։ Առաջինը քայլ է անում այն մասնակիցը, որը կառուցել է աշտարակը։ Ամեն քայլով աշտարակի ցանկացած հարկից (բացի նախավերջինից) հանվում է մեկ աղյուս, որը դրվում է վերևում։ Վերևի հարկը լրացնելուց հետո միայն կարելի է անցնել նոր հարկ կառուցելուն։ Աղյուսը դուրս բերելու և տեղավորելու համար խաղացողը կարող է օգտագործել միայն մեկ ձեռքը։ Խաղացողը, աշտարակի քանդման վտանգ զգալով, կարող է թողնել աղյուսը, որին դիպել էր, և դուրս քաշել մեկ ուրիշը։ Խաղը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ աշտարակը չի քանդվել։ Խաղացողը պարտված է համարվում, եթե իր քայլի ժամանակ քանդվում է աշտարակը կամ 10 վայրկյանի ընթացքում քայլ չի կատարում։ Եթե մի քանի աղյուս է ընկել, իսկ աշտարակը դեռ կանգուն է, խաղացողները փոխադարձ համաձայնությամբ կարող են շարունակել խաղը։

Կան խաղի մի քանի տեսակներ, օրինակ՝ Ջենգա բում, որտեղ աշտարակը կառուցվում է «ռումբի մեխանիզմ» ունեցող հարթակին. որոշակի ժամանակում «ռումբը» պայթում է՝ քանդելով աշտարակը։ Ջենգա գրավախաղ տարատեսակում աղյուսների վրա տպված են տարբեր առաջադրանքներ, որոնք անհրաժեշտ է կատարել խաղի ընթացքում։

Ջենգա սեղանի խաղը կարող են խաղալ 2-4 խաղացող: Խաղի տևողությունը 5-10 րոպե է: Ամենաբարձր աշտարակը, որ կարելի է կառուցել այս խաղի ընթացքում, 40+2 կամ 40+3 մակարդակն է։

Խաղը զարգացնում է մատների ու ձեռքի ճարպկությունը, մանր մոտորիկան: