Նյութը՝ armradio.am
Լուսանկարները՝ armradio.am
Տեղադրվել է 2020-09-25 17:06
ՀԱՅ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ 4 ՄԵԴԱԼ ԵՆ ՆՎԱՃԵԼ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
2020 թ. սեպտեմբերի 13-23-ն առցանց անցկացվել է Ինֆորմատիկայի միջազգային 32-րդ օլիմպիադան:

Հայաստանի բոլոր մասնակիցներն արժանացել են մեդալների․ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էմիլ Կոստանյանը և «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի սան Սամվել Անդրեասյանը նվաճել են արծաթե, իսկ «Քվանտ» վարժարանի աշակերտներ Արայի Խալաթյանը /10-րդ դասարան/ և Ալեքսանդր Աբելյանը /11-րդ դասարան/՝ բրոնզե մեդալներ։ Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ-ից։

Թիմի հետ աշխատել են ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը և նույն ֆակուլտետի մագիստրոս Լևոն Մուրադյանը։ Օլիմպիադան պետք է տեղի ունենար Սինգապուրում հուլիսին, սակայն համավարակի պատճառով այն նախ հետաձգվել էր մինչև սեպտեմբեր, ապա որոշում էր կայացվել անցկացնել առցանց։ Օլիմպիադային մասնակցել է 87 երկրի 343 դպրոցական։ Մեդալների ընդհանուր հաշվարկում Հայաստանը Հնդկաստանի հետ կիսում է 23-րդ հորիզոնականը։