Նյութը՝ Հասմիկ Կոշկարյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-10-27 10:57
«ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԶԻՆՎՈՐՆ ՈՒՍԱՆՈՂՆ Է»
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԵՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ

Թիկունքում գտնվողներն էլ ամեն կերպ աջակցում են հայոց բանակին։ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը նշում է, որ բուհի բոլոր ֆակուլտետների ու ամբիոնների աշխատակիցները, բոլոր ուսանողները միահամուռ մասնակցում են կամավորական տարբեր աշխատանքների։ Համալսարանում ձևավորված կամավորների մեծ բանակի շնորհիվ արդեն 4-5 բեռնատար մեքենա օգնություն է ուղարկվել պաշտպանության նախարարություն, որտեղից էլ այն ուղղվում է դեպի առաջնագիծ:

«Այս օրերին Արցախից Հայաստան տեղափոխված շուրջ 1000 մարդու ուսխորհուրդը կարողացել է ապահովել կացարաններով. տեղավորել ենք մասնավորապես ուսանողների ընտանիքներում կամ հյուրանոցներում: Ուսանողները կապը պահպանում են այդ ընտանիքների հետ, պարբերաբար այցելում են նրանց, զբաղվում երեխաների հետ, սովորեցնում դասերը»,- պատմում է Պարույր Գալստյանը:

Այժմ քննարկման փուլում է մեկ այլ ծրագիր, որի միջոցով նախատեսվում է Արցախից եկած երեխաներին ապահովել անհրաժեշտ դասագրքերով, որ աշակերտների ուսումնական գործընթացն այս օրերին չտուժի:

Սեպտեմբերի 27-ից Հայաստանը և Արցախը պատերազմում են թրքաադրբեջանաահաբեկչական եռամիասնության դեմ։ Շատերն են մեկնել առաջնագիծ։

Համալսարանի ավելի քան 250 ուսանող պատրաստակամություն է հայտնել ցանկացած կամավորական աշխատանք անել թիկունքում՝ օգնելով առաջնագծում կանգնած զինվորներին:

Մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողները դասախոսների օգնությամբ առաջնագծի զինվորների համար քնապարկեր են կարում: Աշխատանքները հիմնականում իրականացվում են համալսարանում: Ձևելը, կարելը, բոլոր աշխատանքները մինչև վերջնական արդյունքը ապահովում են հենց ուսանողները: Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը նկատեց. «Թիկունքում զինվորը ուսանողն է, որ մինչ

ուշ երեկո մնում է համալսարանում հանուն մեկ նպատակի՝ հաղթանակի: Ուսանողները մեծ սիրով են կատարում այս աշխատանքը, բայց ամեն քնապարկ կարելիս ցանկություն են պահում, որ պատերազմը շուտ ավարտվի և դրա անհրաժեշտությունն այլևս չլինի: Մանկավարժական համալսարանում, ինչպես ամբողջ հանրապետությունում, բանակին աջակցող այս աշխատանքները կշարունակվեն այնքան, քանի դեռ պատերազմը իրավիճակը չի ավարտվել»:

Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանն ասում է՝ կամավորական աշխատանքներում ներգրավված երիտասարդները հաղթական են տրամադրված և մեծ ոգևորությամբ պատրաստ են ցանկացած հարցով օգնել ու աջակցել: