Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-11-28 17:57
ԳԻՏԵ՞Ք ՈՐ… ՇԻՐՄԱ
Շիրման մարդու հնագույն հայտնագործություններից է։ Այս իրի պատմությունը սկիզբ է առել Չինաստանում 7-րդ դարում։

Շիրմայի հայրենիքում այն անվանում են «ֆուի» կամ «պենֆեն«»՝ «շարժական պատ»։ Այնտեղ օգտագործում էին ամենատարբեր չափերի շիրմաներ՝ մեծից փոքր. մեծերը տեղադրվում էին դահլիճներում, իսկ մանրակերտները՝ սեղանի վրա։ Դրանք կարող էին կազմված լինել բազմաթիվ փեղկերից՝ 6-8 փեղկ։ Շիրմայի յուրաքանչյուր փեղկը իրենից ներկայացնում էր փայտե կամ բամբուկե շրջանակ, որի երկու կողմերի վրա ձգված էր նկարազարդ կամ ասեղնագործ մետաքսե կտոր, որն ավելի ուշ փոխարինվեց դիպակով կամ հատուկ թղթով՝ վասիով, որը պատրաստում էին գամպի կոչվող թփի ճյուղերի կեղևներից ձեռքով։

Մետաքսը, թուղթը կամ դիպակը նկարազարդում էին տուշով։ Նկարում էին տարբեր բնապատկերներ, գեղագրական  պատկերներ, բանաստեղծական տողեր։ Շրջանակների պատրաստման ժամանակ օգտագործում էին ընտիր լաքապատման տեխնիկան։ Յուրաքանչյուր փեղկն իրենից ներկայացնում էր մի առանձին «մեծանկար»՝ պաննո, որը դրվագազարդում էին սադափով, քարերով և խխունջներով։ Լաքապատման տեխնիկան շատ աշխատատար էր. լաքային զանգվածի մեջ լցնում էին և հերթով՝ շերտ առ շերտ փայտի վրա դնում ոսկյա բարակ նրբափայլաթիթեղներ։ Երբեմն լաքային շերտերի թիվը կարող էր հասնել 30-ի։

Շիրման Ճապոնիա է մուտք գործել արդեն 8-րդ դարում։ Ճապոնական մշակույթի առանձնահատկություններով պայմանավորված՝ կահույքի այս մասը մեկընդմիշտ մնաց այնտեղ, դարձավ առանձնատների և բնակարանների զարդարանքի, ձևավորման գլխավոր և անփոխարինելի առարկան։ Շիրմաները նաև գեղանկարչության յուրօրինակ նմուշներ են։

Ճապոնիայում նույնիսկ ամենաբարձրաշխարհիկ մարդկանց առօրյա կյանքում օգտագործվող իրերի քանակը շատ սահմանափակ է։ Այդպես եղել և մնում է բոլոր ժամանակներում։ Նրանք հայտնի են իրենց ասկետիզմով։ Ըստ բուդդայականության գաղափարախոսության՝ ամեն ինչ անցողիկ է, ժամանակավոր և պետք չէ կառչել այս կամ այն իրից։ Ուստի ճապոնացիները հաճախ են հեշտությամբ հրաժարվում այս կամ այն իրից, փոխում իրերը, հանում տնից, ներս բերում։ Հանվող, աչքից հեռու տարվող, այդ պահին ոչ գործածական իրերը պահվում էին առանձին պահարաններում կամ արկղերում։ Շիրման շատ լավ ներգրավվեց այդ մտայնության մեջ (դրանով կարելի էր ծածկել-առանձնացնել սենյակի մի մասը). այն դարձավ աշխարհընկալման, դրա հավերժականության և անընդհատ շարժման ու զարգացման յուրատեսակ խորհրդանիշ։

17-րդ դարում Չինաստանից և Ճապոնիայից Եվրոպա ներկրեցին առաջին շիրմաները։ Եվրոպացիները սկսեցին իրենց տները ձևավորել ՙարևելյան՚ ոճով։ «Արևելյան» շիրմաների պատրաստման գործում եվրոպացիները վարպետության բարձր մակարդակի հասան 18-րդ դարում, երբ ամբողջ Եվրոպան ասես վարակված էր «շինուազրի»-ով (ֆրանս. chinois՝ չինական)։ Նկարիչները, որոնք աշխատում էին այդ ոլորտում, ոչ միայն կրկնում էին չինական սյուժեները, այլև ստեղծում էին իրենց բարձրաշխարհիկ կյանքին բնորոշ նրբագեղ տեսարաններ, որոնց հերոսներն էին կայսրերը, նրանց հարճերը, պարուհիներն ու զինվորները։ Այդ ժամանակ շատ տարածված էին նաև տարաշխարհիկ, վայրի թռչուններով և ծաղիկներով զարդարված շիրմաները։

Ամպիրի դարաշրջանի ծաղկման շրջանում եվրոպական հարուստ տներում իր օրինական և գործնական տեղն ուներ շիրման։ Այդ շիրմաներում համադրվում էին բարձրորակ փայտե շրջանակը, նրբագեղ գործվածքը կամ, որ ավելի գեղեցիկ ու տարբերվող էր, վիտրաժային ապակին։ Դրանք ինտերյերը դարձնում էին բացառիկ։ Շիրմաների փեղկերը զարդարում էին գոբելենով, մետաքսե կամ այլ թանկարժեք գործվածքներով, որոնք զարդարված էին ասեղնագործ պատկերներով կամ գեղանկարներով։

Շիրմաների հանդեպ հետաքրքրությունն աճեց մոդեռն ոճի ծաղկման շրջանում։ Կրկին աճեց հետաքրքրությունը արևելյան մոտիվների հանդեպ, միաժամանակ մոդեռնը, իր գեղարվեստական ու խորհրդանշական լեզվին համահունչ, ծնեց նոր ձևեր, նոր մոտիվներ, նոր տեխնիկա։

Շիրմաների պատրաստման գործում նոր շրջանի սկիզբը կապվում է  ար-դեկոյի ժամանակաշրջանի հետ։ Տեքստիլին փոխարինելու եկան մետաղից պատրաստված զարդանախշերը՝ շրջաններ, պարույրներ, եռանկյունիներ և այլ երկրաչափական նախշեր։ Շիրմայագործ վարպետները նոր փորձարկումներ էին անում՝ համադրելով մետաղն ու թանկարժեք փայտատեսակները և ստեղծում էին նոր, բացառիկ ձևեր։

19-րդ դարում ինտերյերների ձևավորման մեջ մեծ տեղ ունեին ճապոնական շիրմաները, որոնք պատրաստված էին «արտ նուվո» ոճով։ Դրանք հիշեցնում էին ժամանակին շատ տարածված չինական շիրմաները՝ լաքապատ փայտ, գեղարվեստական նկարազարդում, բայց պատկերներն ու սյուժեներն ավելի արդիական էին։

Եվրոպական նորամուծությունները դանդաղ, բայց այդուհանդերձ մուտք էին գործում նաև հայական միջավայր։ Հայ մեծահարուստներից շատերի  տներում ինտերյերի այդ դեկորն իր պատվավոր տեղն է ունեցել։ Որոշ նմուշներ մինչև այսօր էլ պահվում են Երևան քաղաքի թանգարանում։

19-րդ դարում շիրման մեծ տարածում ուներ նաև Ռուսաստանում։ Պետերբուրգում գրեթե յուրաքանչյուր տանը շիրմա կար։ Շիրման այնքան ներդաշնակորեն էր ձուլվել այդ միջավայրին, որ ֆրանսիացի գրող և քննադատ Թեոֆիլ Գոտյեն այն անվանեց ռուսական կահույքի անքակտելի մաս։ Հայտնի է, որ շիրմաների մեծ երկրպագու և սիրահար էր Եկատերինա 2-րդ թագուհին։ Պերճանքի մեծ սիրահար կայսրուհու շիրմաներն էլ առանձնանում էին իրենց շքեղությամբ. փայտե նրբագեղ փորագրություններով շրջանակը երիզում էր նրբագեղ չինական մետաքսը, որը պատված էր գեղարվեստական մեծ արժեք ներկայացնող, կատարման բարդ տեխնիկայով ստեղծված պատկերներով։

Հին շիրմաների նախշերն ունեն խորհրդանշական խոր իմաստ և նշանակություն։ Մարդը կարող էր ընտրել այս կամ այն թեմայով շիրմա, որը արտահայտում էր տվյալ անձի անհատականությունն ու հասարակական դիրքը, և դարձնել այն իր կենցաղի անբաժանելի մասը։ Չինական կամ ճապոնական շիրմայի պատկերը խորհրդանշում է տարածություն։ Դա է պատճառը, որ այն շատ հեշտ փոխում է սենյակի տեսողական ընկալումը՝ ընդարձակելով այն մինչև անսահմանություն։ Արևելյան շիրմաների վրա պատկերները արվում էին հատակին նստած մարդու աչքի մակարդակով, քանի որ այդպես ավելի լավ էր ընկալվում։ Շիրմաների կտավի վրայի պատկերները պետք է դիտարկել աջից ձախ։

Շիրմայի անցած ճանապարհը միշտ հարթ չի եղել։ Եղել են ժամանակներ, երբ դրանք մոռացության են մատնվել, դուրս մղվել գործածությունից, սակայն կարողացել են դուրս գալ ստվերից և այսօր էլ համարվում են ինտերյերի ձևավորման բացառիկ և շատ համապիտանի դեկոր։ Շիրմայի պարզությունը և կոնստրուկցիայի շարժական լինելը, ինչպես նաև բազմաֆունկցիոնալությունն ու դեկորատիվ հատկությունները նպաստում են, որ այն բոլոր ժամանակներում գտնի իր համակիրներին