Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-12-10 08:27
ԿԻԵՎՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀՈՒՇ-ՁԵՌՆԱՐԿ Է ԿԱՅԱՑԵԼ
Ուկրաինայի մայրաքաղաքի հայկական խաչքարի մոտ դեկտեմբերի 9-ին առաջին անգամ կայացավ հուշ-ձեռնարկ՝ նվիրված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան։

Այս օրը հռչակվել է ՄԱԿ-ի կողմից 2015 թվականին՝ Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ։

1948 թվականին, նույն օրը, իրավագետ Ռաֆայել Լեմկինի ջանքերով, որը նաև «ցեղասպանություն» եզրույթի հեղինակն է, ընդունվել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան:

Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, հուշ-ձեռնարկը տերունական աղոթքով բացել է Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։ «Ուկրաինահայության հոգևոր առաջնորդը խոսեց նաև դեկտեմբերի 9-ի խորհրդի, դրա՝ ամբողջ աշխարհի համար մեծ նշանակության մասին։

Այնուհետև ելույթով հանդես եկավ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով ներկայացրեց ՄԱԿ-ի Կոնվենցիայի ընդունման պատմությունը և նշանակությունը, որն արդիական է նաև Արցախի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի համատեքստում։

Դեսպանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության, 1988թ․ Սպիտակի երկրաշարժի և Արցախյան երկու պարերազմներում զոհված հայորդիների և հայ ժողովրդի բարեկամների հիշատակը։

Սրբազան Հայրն առաջարկեց, որպեսզի դեկտեմբերի 9-ի ձեռնարկները պարբերական դառնան։ Նա նաև շնորհակալություն հայտնեց գործարար Արայիկ Խաչատրյանին՝ չորս տարի առաջ Կիևի կենտրոնում գեղաքանդակ խաչքարը տեղադրելու համար։

Միջոցառմանը մասնակցեցին Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, մի խումբ ուկրաինահայեր և ուկրաինացի բարեկամներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։