Նյութը՝ Հայաստանի Հանրային Ռադիոյի
Լուսանկարները՝ Հայաստանի Հանրային Ռադիոյի
Տեղադրվել է 2020-12-11 07:53
100 ՏՈԿՈՍ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՈՒ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
Արդեն մեկ ամիս Հայաստանում ու Արցախում պաշտոնապես լռել են պատերազմի ձայները։

Այս օրերին ամենաբարձրը հնչում են անհետ կորած զինծառայողների  հարազատների ձայները։ Նրանք իրենց որդիներին, ամուսիններին ու եղբայրներին են փնտրում։ Միայն թե այդ փնտրտուքն ըստ էության արդյունք չի տալիս։  Որևէ լուր ստանալու ակնկալիքով` նրանք գրեթե ամեն օր հավաքվում են զորամասերի կամ պաշտպանության նախարարության դիմաց։ Այս օրն էլ բացառություն չէր «Մենք 50 օր է լուր չունենք, իր խոսքը հարգող ոչ մի սպայական կազմի այս ընթացքում չենք հանդիպել։ Մեզ համար հույս է, որ մեր տղաները ողջ են։ Մեր փորձից  ելնելով՝ մենք իրենց հետ ոչ մի հույս չենք կապում»։

Թե քանի անհետ կորած զինծառայող կա, որևէ մեկը չգիտի։ Մինչ կպարզվի անհետ կորածների ճակատագիրը, կառավարությունը մինչև վեց ամիս աջակցություն կտրամադրի նրանց ընտանիքներին։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի  հստակեցմամբ, անհետ կորած են համարվում սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հետևանքով հարազատների դիմումների հիման վրա պաշտպանության պետական լիազոր մարմնում գրանցված անձինք, որոնց վերաբերյալ տեղեկություններ չկան։

«Մինչև կարգավիճակի հստակեցումը առաջարկվում է առավելագույնը  6 ամիս ժամանակով յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ աջակցություն տրամադրել անհետ կորած զինծառայողների ընտանիքներին։ Գործընթացը կազմակերպվելու է զինծառայողների կյանքի և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հիմնադրամն է հետագայում նույնպես օրենքով սահմանված կարգով շահառու դառնալու պարագայում  շարունակելու փոխհատուցումը»։

Ֆինանսավորումը  կկատարվի  պետական բյուջեի միջոցներից։ Այս պահին  գումարը կազմում է 500 մլն դրամ է։

Սա աջակցության միակ ծրագիրը չէ։  Անդրանիկ  Բեժանյանը համալսարանական ընկերների հետ պատերազմի առաջին իսկ օրը որոշեցին ու ԵՊՀ ուսանողներով դասակ կազմեցին։ Արդեն սեպտեմբերի 28–ին Արցախի հյուսիսային հատվածում էին։  Վերադարձից հետո ամենատպավորիչը ժամկետային զինծառայողների անձնվեր մարտերն են

«Ժամկետային զինծառայողների մասին  ինչ լսում ու պատմում էին, ուղղակի հիմա կարող եմ ասել, որ իրենք հզոր են։ Ամենավառ  տպավորությունը դա է»։

Անդրանիկը ԵՊՀ  աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետի  մագիստրատուրայի  երկրորդ կուրսի  ուսանող է,  առաջիկայում պետք է վճարի այս տարվա առաջին կիսամյակի վարձը՝ 430 հազար դրամը

2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցումից կարող են օգտվել ոչ միայն պատերազմին մասնակցած ուսանողները, այլ նաև մասնակիցների երեխաները, ինչպես նաև կանայք կամ ամուսինները։ Միայն թե պարտադիր է մասնակցությունը հավաստող գրառումն ու կնիքը։  Եթե  առաջին  կիսամյակի վարձը  վճարված է, ապա   գումարը  կստանա ու կվճարի արդեն  երկրորդ  կիսամյակի ուսման վարձը։

Շահառուների ցանկը  մեկ անգամ ևս հստակեցրեցին վարչապետն ու ԿԳՄՍ նախարար  Վահրամ Դումանյանը . «Խոսքն ինչպես բարձրագույն, այնպես էլ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների մասին է։ Շահառու են առկա և հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողները»։

ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության արդյունքում տուժած որոշակի խումբ անձանց սոցիալական աջակցություն  կտրամադրվի։  Որոշմամբ առաջարկվում է ռազմական գործողությունների արդյունքում տուժած զինծառայողների և կամավորների վերականգնողական բուժօգնությունը  կիրականացվի   պետության կողմից երաշխավորված անվճար  և արտոնյալ պայմաններով:

Մեկ այլ նախագծով էլ աջակցություն կտրամադրվի պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին։  Մասնավորապես, նախատեսվում է Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված և առնվազն 3 ամիս փաստացի բնակված քաղաքացիներին վճարել 250 000–ական դրամ, եթե նրանց հաշվառման վայրի հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը դարձել է բնակության համար ոչ պիտանի։ Անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին, եթե ծնողը հանդիսանում է միջոցառման շահառու։