Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-12-20 16:57
ԳԻՏԵ՞Ք ՈՐ… ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՄՍՈՒՐ
Նոր տարվա առաջին տոնը Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության ուրախալի տոնն է։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը տոնում է հունվարի 6-ին (Կաթոլիկ եկեղեցին Սուրբ ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին)։

Հունվարի 6-ին է նշվում նաև Հիսուս Քրիստոսի Մկրտության տոնը, որը կոչվում է Հայտնության տոն։ Հիսուսի Ծննդյան և Հայտնության տոնը բոլոր տոների սկիզբն ու հիմքն է։ Նոր տարուն պատրաստվելիս, նվերներ գնելիս, տոնական սեղանի մասին մտածելիս, տունը զարդարելիս մշտապես հիշեք ամենագլխավոր տոնի՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդի մասին։ Այդ առումով յուրաքանչյուր քրիստոնյայի տան տոնական ձևավորման գլխավոր մասը ցանկալի է, որ կազմի Սուրբծննդյան մսուրը՝ որպես հրաշափառ Ծնունդի յուրօրինակ  մանրակերտ։

Ավետարանական պատմության համաձայն՝ Մարիամն ու Հովսեփը Բեթղեհեմ գնացին Հռոմեական կայսրությունում Օգոստոս կայսեր օրոք անցկացվող մարդահամարի պատճառով. կայսեր հրամանի համաձայն՝ մարդահամարի ընթացքը դյուրացնելու նպատակով կայսրության յուրաքանչյուր հպատակ պետք է վերադառնար «իր քաղաք»: Քանի որ Հովսեփն ու Մարիամը Դավթի ժառանգներն էին, ուղևորվեցին Բեթղեհեմ, որտեղ էլ լույս աշխարհ եկավ մանուկ Հիսուսը։ Հիսուսի ծննդից անմիջապես հետո նրան եկան երկրպագելու հովիվները, որոնք այդ իրադարձության մասին իմացել էին հրեշտակի հայտնությունից։ Ըստ Մատթեոս ավետարանիչի՝ երկնքում հայտնվեց զարմանահրաշ աստղ, որը նորածին Հիսուսի մոտ բերեց մոգերին: Նրանք ընծաներ նվիրաբերեցին՝ ոսկի, խունկ, զմուռս, ոչ ինչպես նորածնի, այլ Արքայի։ Սուրբծննդյան մսուրում երբեմն պատկերված են լինում միայն Մարիամը, Հովսեփը և մանուկ Հիսուսը, իսկ ավելի հաճախ՝ մոգերի երկրպագության տեսարանը։

Իսկ որտե՞ղ, ո՞ր ժողովուրդներն են առաջինը ներկայացրել Ծննդյան այդ կախարդանքը։

Սուրբծննդյան մսուր ստեղծելու ավանդույթի արմատները պետք է փնտրել Արևմուտքում։ Սուրբծննդյան առաջին այդպիսի ներկայացումը տեղի է ունեցել 4-րդ դարում եկեղեցական ժամերգության ժամանակ և իրագործվել է քրիստոնեության կանոնները խստագույնս պահպանելով։ Բանն այն է, որ մի շարք երկրներում, որտեղ քրիստոնեությունն արդեն ընդունվել էր որպես պաշտոնական կրոն, խուլ անկյուններում դեռևս ծաղկում էր բազմաստվածությունն ու հեթանոսությունը։

Որոշ ժողովուրդների, ինչպես կելտերի, դրուիդների մոտ կային քրիստոնեական Սուրբ Ծնունդի հետ ժամանակային առումով համընկնող տոներ։ Քրիստոնեական տոնը արմատավորելու, դրա գերակայությունը  հաստատելու համար հռոմեացի և հույն հոգևորականները ժամերգության ժամանակ բեմականացված ներկայացնում էին Սուրբ Ծնունդը։ Դրա համար մարմարե սեղանի վրա պատրաստում էին մսուրը, որում տեղադրում էին մանկիկին, որի շուրջ էլ պտտվում էր Մարիամ Աստվածածնի արձանիկը կամ սրբապատկերը։ Տարիքով ավագ հինգ հոգևորականները խորանի մոտ հանդես էին գալիս որպես Բեթղեհեմի հովիվներ։ Նրանք իրար հետ ցածրաձայն զրուցում էին, երբ հանկարծ նրանց էր մոտենում սպիտակազգեստ հրեշտակը (սովորաբար դա լինում էր երգչախմբի փոքրիկ տղաներից մեկը) և ավետում էր Փրկչի ծնունդը։

Հովիվները շտապում են մտնել խորան, բայց նրանց ճանապարհը փակում են երկու կին (նրանց մարմնավորում էին կանոնիկոսները), որոնք, Սուրբ Գրքի համաձայն, գտնվում էին Մարիամ Աստվածածնի կողքին, երբ ծնվում էր Հիսուս Քրիստոսը։ Նրանք հարցնում էին. «Ո՞ւմ եք փնտրում մսուրում, հովիվներ»։ «Մենք փնտրում ենք Հիսուսին»,- հնչում էր պատասխանը։ Կանայք բացում են վարագույրը և ցույց տալով Մանուկ Հիսուսի արձանիկը, ասում էին. «Ահա նա՝ Մանուկ Հիսուսը իր Մոր հետ»։ Հովիվները խոնարհվում էին Մանուկի առջև ու փառաբանում էին Մարիամ Աստվածածնին ու Հիսուսին։

Այս հնագույն արարողությունն էլ հենց ստացել է «Սուրբծննդյան ներկայացում» անվանումը։

Ի՞նչ է իրենից ներկայացնում տիկնիկային մսուրը

Ինչ վերաբերում է Ծննդյան տոնի տիկնիկային ներկայացմանը, ապա այդ մասին պատմական առաջին վկայությունը թվագրվում է 16-րդ դարով։ Հենց այդ ժամանակ Եվրոպայում ձևավորվեց և ստեղծվեց Սուրբծննդյան մսուրը, որը ճարտարապետների, քանդակագործների և ատաղձագործների աշխատանքի յուրօրինակ համադրություն էր։

Հատկանշական է այն, որ ամեն մի երկիր իր ստեղծած այդ սրբազան անկյունը տարբեր կերպ է կոչում։ Օրինակ՝ Ռուսաստանում և Ուկրաինայում այն կոչվում է վերտեպ, Լեհաստանում՝ շոպկա, Բելառուսում՝ բահլեյկա։ Անկախ անունից էությունը նույնն էր. դա տնակ հիշեցնող փոքրիկ արկղիկ էր։ Արտաքուստ նման էր  միահարկ կամ երկհարկանի տնակի։ Վերևի հատվածում ցուցադրվում էր կրոնական տեսարանը, իսկ ներքևի հարկում՝ Սուրբծննդյան կենցաղային տեսարաններ։

Մսուրի վերին հատվածը՝ երկնայինը, աստվածայինը, պատում էին երկնագույն թղթով և զարդարում Սուրբծննդյան նկարներով։

Ներքևի՝ երկրային հատվածում փակցնում էին վառ գույնի թուղթ կամ փայլփլուն փայլաթիթեղ։ Երկրի՝ պալատի մեջտեղում դրված էր գահավորակը, որի վրա բազմած է Հերովդես թագավորը։ Թատերական արկղիկի հատակը այնպես է արված, որ տիկնիկավարները կարողանային  գործողություն ներկայացնել։ Աջ և ձախ կողմից կային դռներ, որոնցով տիկնիկային ներկայացման հերոսները «դուրս ու ներս» էին անում։

Տիկնիկները հիմնականում պատրաստում էին փայտից։ Երբեմն կարելի էր հանդիպել նաև կավե արձանիկներ, որոնք ներկված էին վառ և փայլուն ներկերով, հագուստները պատրաստում էին թղթից կամ գործվածքից։  Բելգիայում պահպանվել են խամաճիկ-տիկնիկներ, որոնք շարժվում էին լարերի միջոցով։

ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՄՍՈՒՐԸ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

 

Սուրբծննդյան մսուրը աշխարհի տարբեր երկրներում

Կաթոլիկություն դավանող բոլոր երկրներում Սուրբծննդյան շաբաթվա ընթացքում եկեղեցիներում տեղադրվում է Սուրբծննդյան մսուրը։ Վերջին շրջանում ձևավորվել է գեղեցիկ ավանդույթ. նշանավոր որոշ տաճարներում կազմակերպվում են նաև Ծննդյան մսուրների ցուցահանդեսներ։ Այսպես, Հռոմի Սանտա Մարիա դել Պոպոլո բազիլիկ եկեղեցում ցուցադրվում են տարբեր նյութերից՝ փայտից, ապակուց, թղթից, քարից, նույնիսկ մակարոնեղենից պատրաստված արվեստի յուրօրինակ

գործեր։

 

Սուրբծննդյան մսուրը Ֆրանսիայում

Ֆրանսիական մսուրը կարելի է զանազանել հազարավոր մյուս մսուրների մեջ փոքրիկ, բայց շատ վառ արտահայտված բնութագրական հատկանիշով։ Բոլոր արձանիկները ներկվում-նկարազարդվում են ձեռքով և թրծած կավի գույն ունեն։ Այս արձանիկները Ֆրանսիայում կոչվում են Santons։

Մսուրը Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում

Եվրոպական այս երկրներում սրբորեն պահպանում են հնագույն ավանդույթը՝ Ծննդյան արարողության մասնակիցների արձանիկները պատրաստում են փայտից։ Երբեմն դրանք պատում են լաքով, երբեմն պահպանում են փայտի բնական կառուցվածքը։ Դրանց տարբերակիչ հատկանիշը բույրն է։ Արձանիկները լինում են խնկաբույր, մուշկի կամ  տարբեր ծաղիկների բույրերով։

 

Մսուրը Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայում հնուց ի վեր պահպանվել է մեկ այլ ավանդույթ. թխում են կլոր մեծ հաց, մեջտեղում տեղադրում են Մանուկ Հիսուսի՝ շաքարից պատրաստված արձանիկը։ Ճրագալույցի ժամանակ ցուցադրվող ներկայացման ժամանակ ևս օգտագործում են շաքարե կամ շոկոլադե արձանիկներ։

 

Մսուրը Մեքսիկայում

Հյուսիսային Ամերիկայի երկրներում մսուրը տարբերվում է եվրոպական երկրների մսուրներից իր ճոխությամբ, պաճուճավորությամբ և աշխատանքի նրբությամբ։ Այստեղ արձանիկները պատրաստում են նուրբ հախճապակուց՝ զարդարելով դրանք թանկարժեք քարերով, և նկարազարդում են ձեռքով։

 

Մսուրը Ճապոնիայում

Ճապոնական մսուրի առանձնահատկությունն այն է, որ Սուրբծննդյան պատմության բոլոր գործող անձինք դեմք չունեն։ Արձանիկների հագին վառ և կոլորիտային ճապոնական ազգային հագուստներ են։ Արձանիկներն անդեմ պատրաստելը պայմանավորված է ճապոնացիների հնագույն փիլիսոփայությամբ. անդեմ տիկնիկները զուրկ են աշխարհն արտաքին օրգանների միջոցով ընկալելու հնարավորությունից։ Նրանք կատարվող իրադարձություններն ընկալում են հոգով ու սրտով, ուստի ավելի անկեղծ է Մանուկ Հիսուսի հանդեպ նրանց վերաբերմունքը։

 

Մսուրը Հայաստանում

Վերջին տարիներին Սուրբծննդյան մսուր դրվում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Մեր քաղած տեղեկությունների համաձայն՝ արձանիկները բերվել են Իտալիայից, և ամեն տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատրաստվում է մսուր, այնտեղ տեղադրվում են մարդահասակ արձանները՝ Սուրբծննդյան պատկերն առավել տպավորիչ դարձնելու համար։

Մեր օրերում Սուրբծննդյան մսուր պատրաստում են նաև հայ վարպետները՝ փայտից կամ կավից։ Արձանիկները հաճախ հիշեցնում են միջնադարի հայ մանրանկարիչների ու ծաղկողների ստեղծած կերպարները։