Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 04-02-2017
13-ամյա «Ֆեյսբուք»-ի մասին… եւ ոչ միայն
Այսօր մեզնից շատերի օրն սկսվում եւ ավարտվում է սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ «Ֆեյսբուք»-ում:

Վերջինս հնարավորություն է ընձեռում կապ հաստատել ընկերների, հարազատների ու գործընկերների հետ, կիսվել տպավորություններով ու հուզող հարցերով, մասնակցել քննարկումների, նկարներ ու տեսանյութեր հրապարակել եւ հետեւել վերջին իրադարձություններին: Այսօր շատ կազմակերպություններ, ընկերություններ ու լրատվական կայքեր ունեն իրենց ֆեյսբուքյան էջերը, իսկ բազմաթիվ ծառայություններ սոցիալական այս ցանցի միջոցով հասանելի են դառնում մարդկանց:

Իսկ ինչպե՞ս ստեղծվեց «Ֆեյսբուք»-ը

«Ֆեյսբուք»-ի գաղափարը Մարկ Ցուկերբերգի մոտ ծագել է վաղ երիտասարդական տարիներին: Դպրոցում, որտեղ նա սովորում էր, տարեկան հրատարակվում էր աշակերտների անուններով, հասցեներով եւ նկարներով տեղեկատու (բառացի Facebook` «երեսգիրք»): Երբ Ցուկերբերգն ընդունվում է Հարվարդի համալսարան, առաջարկում է ստեղծել նմանատիպ տեղեկատուի ցանցային տարբերակը, սակայն ուսումնական հաստատության վարչակազմը մերժում է նրան: 

2003 թ. հոկտեմբերի 28-ին ապագա երկրորդկուրսեցի Մարկ Ցուկերբերգը գրում է «Facemash» կայքի համար մի կոդ, որում օգտագործվում էին զույգերով տեղադրված լուսանկարներ՝ որոշելու, թե ով է ավելի հմայիչ այդ երկու անձանցից: Դրա համար Մարկը կոտրում է Հարվարդի համալսարանի համակարգչային ցանցի գաղտնագրված տվյալների բազան եւ պատճենահանում մասնավոր նկարները: «Facemash»-ը շահագործման առաջին երկու ժամվա ընթացքում գրավում է 450 այցելուի՝ ապահովելով 22.000 նկարի դիտում:

Կայքն արագ աճում է, սակայն մի քանի օր անց փակվում Հարվարդի վարչակազմի կողմից: Մարկ Ցուկերբերգը մեղադրվում է անվտանգության, հեղինակային իրավունքների եւ անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մեջ: Սակայն մեղադրանքները կարճվում են, եւ երիտասարդը կենտրոնանում է սկզբնական նախագծի վրա: 2004 թ. փետրվարի 4-ին նա  մեկնարկում է «TheFacebook» կայքը՝ «thefacebook.com» հասցեով: Սկզբնական շրջանում սոցիալական ցանցին անդամակցում էին միայն Հարվարդի համալսարանի ուսանողները: Հետագայում այն բացվում է նաեւ այլ ուսումնական հաստատություններում:

2005 թ. ընկերությունը 200 000 դոլարով գնում է տիրույթի «facebook.com»-անվանումը: 2006 թ. սեպտեմբերի 26-ից հասանելիության ցանց է բացվում 13 տարին լրացած եւ էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած ինտերնետ օգտատիրոջ համար:

2007 թ. հոկտեմբերի 24-ին «Մայքրոսոֆթ»-ը հայտարարում է 1,6% բաժնետոմսերի՝ 240 միլիոն դոլարով գնման մասին. փաստորեն, այդպիսով ամբողջ ընկերությունը գնահատվում է 15 միլիարդ դոլար: «Մայքրոսոֆթ»-ը «Ֆեյսբուք»-ում գովազդ տեղադրելու միջազգային իրավունք է ստանում: 2010 թ. նոյեմբերին, ըստ «SecondMarket Inc»-ի տվյալների, ընկերության գինը կազմում է 41 միլիարդ դոլար: Այդ կերպ «Ֆեյսբուք»-ը ԱՄՆ-ում ինտերնետ-ընկերությունների մեջ մեծությամբ դառնում է երրորդը («Google»-ից եւ «Amazon»-ից հետո): 2011 թ. հունվարին «The New York Times» խմբագրության տվյալներով «Ֆեյսբուք»-ի գինը հասնում է 50 միլիարդ ԱՄՆ դոլարի: 2010 թ. մարտի 13-ին «Ֆեյսբուք» այցելեց ավելի շատ մարդ, քան «Google»: 

«Ֆեյսբուք»-ը՝ Հայաստանում

«Ֆեյսբուք»-ից օգտվում են աշխարհի բազմաթիվ երկրներում, այն մեծ տարածում ունի նաեւ Հայաստանում: Ըստ վիճակագրական տվյալների՝ մեր հանրապետությունից ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ «Ֆեյսբուք» այցելում է ավելի քան 1 միլիոն օգտատեր։ Մոտավոր գնահատումների համաձայն՝ այստեղ համացանցից օգտվողներից յուրաքանչյուր երկրորդը ֆեյսբուքցի է։

Ցանցի հայաստանյան լսարանի մեծ մասը երիտասարդությունն է. օգտատերերի ներկայացրած տարիքային տվյալների համաձայն՝ 13-34 տարեկանները կազմում են 72 տոկոս (720 000): Սեռական բաշխվածությունը մեզ մոտ հավասար է։ Ի դեպ, երիտասարդների շրջանում ավելի շատ տղամարդիկ են ակտիվ, իսկ 45 տարեկանից բարձր՝ կանայք։ Նշենք, որ մարդիկ «Ֆեյսբուք»-ից օգտվում են տարբեր կերպ. մարդկանց 17%-ը միայն համակարգչից է մուտք գործում, իսկ միայն հեռախոսներից եւ թաբլեթներից օգտվողները կազմում են 33%: Հավելենք, որ հայաստանաբնակ օգտատերերի բաժանորդագրությունների (լայքերի) քանակի ամենամեծ լսարաններ ունեն լրատվականները։

19-ամյա Անի Ավագյանն ընդունում է «Ֆեյսբուք»-ի լայն հնարավորությունները, սակայն փորձում է հնարավորինս քիչ լինել օնլայն տիրույթում։ Կողմ է, որ մարդիկ ավելի շատ փորձեն շփվել ոչ թե սոցիալական կայքերի միջոցով, այլ՝ իրական:

«Սակայն «Ֆեյսբուք» քիչ մտնելն ունենում է իր բացասական կողմերը․ ընկերներս ինձ շատ են մեղադրում, որ երբեմն ուղղակի տեղյակ չեմ լինում իրենց ծրագրերի մասին։ Ավելին, երբեմն գնում եմ համալսարան եւ հետո իմանում, որ դասը հետաձգվել է կամ ինչ-ինչ խնդիրների պատճառով փոխարինվել։ Երբեմն էլ չեմ իմանում, թե որ լսարանում պետք է անցկացվի դասը: Եվ այդ ամենը այն պատճառով է, որ առավոտյան չեմ մտնում «Ֆեյսբուք», որի միջոցով ավագը կամ դասախոսը տեղեկացնում է փոփոխությունների մասին»,- ասաց նա։

Անիի հասակակից Մարիամ Գրիգորյանն էլ «Ֆեյսբուք»-ից օգտվում է գրեթե ամեն օր, բայց  ամբողջ ժամանակը չի նվիրում սոցցանցին: Նշում է՝ կարող է միշտ օնլայն լինել, թեեւ ֆիզիկապես բացակայում է. «Օրվա ընթացքում օգտվում եմ «Ֆեյսբուք»-ից մոտավորապես 4-5 ժամ, բայց ընդմիջումներով, դա էլ պայմանավորված է նամակներին պատասխանելով:  «Ֆեյսբուք»-ն ընդամենը ժամանակ անցկացնելու, տեղեկություններ ստանալու եւ ընկերների հետ շփվելու միջոց է: Ինձ մոտ կախվածություն չկա «Ֆեյսբուք»-ից, եւ կարծում եմ` այս ամենը կախվածության որեւէ մասնիկ իր մեջ չի ամփոփում: Ուղղակի անհրաժեշտ է ճիշտ ու ռացիոնալ տնօրինել ժամանակը»:

Սոցցանցերի պատճառով առաջացած խնդիրները

Հետաքրքիր ու հագեցած սոցիալական ցանցերի միջոցով շատերի կյանքը հեշտացավ, բայց այն բերեց նաեւ բացասական հետեւանքներ, հանգեցրեց հոգեբանական մի շարք խնդիրների. բազմաթիվ  մարդիկ այսօր ունեն կախվածություն դրանցից: Նրանց մի մասը վիրտուալ շփումը գերադասում է իրականից: Սոցիալական ցանցի «գերի» են դառնում հատկապես դեռահասներն ու երեխաները, ում հոգեկան աշխարհը դեռեւս կազմավորման փուլում է: Նրանք ցանցն օգտագործում են ոչ թե կոնկրետ տեղեկություն ստանալու, այլ ժամանցի համար: 

Հոգեբան Զառա Սուխուդյանի կարծիքով՝ աոցցանցերը կարող են ունենալ վնասակար եւ նույնիսկ վտանգավոր ազդեցություն չարաշահելու, վիրտուալ աշխարհի անվտանգության կանոններին չհետեւելու կամ օգտատիրոջ փոքր տարիքի հետեւանքով.  «Սոցցանցերը առավել գրավիչ են դեռահասների եւ երիտասարդների համար, քանի որ վիրտուալ աշխարհում ծանոթություններ հաստատելը եւ փոխհարաբերություններ կառուցելը շատ ավելի հեշտ են, քան իրական կյանքում: Վիրտուալ աշխարհում երիտասարդը կարող է ներկայացնել իրեն ոչ թե այնպիսին, ինչպիսին որ կա իրականում, այլ ինչպիսին ցանկանում է լինել կամ ներկայանալ»: 

Հոգեբանի խոսքով՝ տվյալ դեպքում երիտասարդ օգտատերը առանց մեծ ջանքեր գործադրելու հաճույք եւ բավականություն է զգում, օրինակ՝ ընդամենը լուսանկար հրապարակելով՝ ստանում է «լայքեր» եւ հաճոյախոսություններ մեկնաբանություններում: 

«Նա իր էջը համալրում է վիրտուալ «ընկերներով», ստեղծում է խաբկանք, որ իր մոտ ամեն ինչ լավ է, սակայն իրական մարդկային հասարակության մեջ հայտնվելով՝ նա բարդույթավորվում է, քանի որ այլեւս չի կարողանում ցուցադրել այն հատկանիշները եւ հմտությունները, որոնք վերագրում էր ինքն իրեն վիրտուալ աշխարհում: Այս ամենի հետեւանքով նա իրական հարաբերություններից խուսափում ու մեկուսանում է: Սակայն շփման պահանջմունքը կրկին դրդում է նրան դիմել սոցցանցերի հեշտ եւ գրավիչ «իրականությանը»՝ ձեւավորելով արդեն կախվածություն սոցցկայքերից եւ համացանցից»,- մեզ հետ զրույցում նշեց նա: 

Երեխաների եւ դեռահասների դեպքում հոգեբանը եւս մեկ խնդիր է առանձնացնում. սոցցանցերն առաջացնում են ուշադրության կենտրոնացման պակաս: Սոցցանցերի աշխատանքը կառուցված է այնպես, որ ակամա ուշադրության օբյեկտն անընդհատ փոփոխվում է. «Լուրեր ենք կարդում, հանկարծ ընկերներից մեկը հաղորդագրություն է ուղարկում, հետո մյուսը մեկնաբանում է նկարը, միեւնույն ժամանակ հետաքրքիր տեսանյութ է հայտնվում, մեկ էլ գովազդն է գրավում ուշադրությունը: Կրճատվում է ուշադրության կենտրոնացման տեւողությունը, եւ մարդն այլեւս չի կարողանում երկարատեւ կենտրոնանալ որեւէ զբաղմունքի վրա, դառնում է անհամբեր: Երեխաների մոտ կարող է նաեւ հիպերակտիվություն առաջանալ»:

Ինչպե՞ս խուսափել նման խնդիրներից

Հոգեբան Զառա Սուխուդյանը խորհուրդ է տալիս չչարաշահել՝ սահմանափակել սոցցանցերում անցկացվող ժամանակը, հստակեցնել դրա օգտագործման նպատակը (շփում արտերկրում գտնվող ընկերների հետ, լրատվության ստացում, մասնագիտական կամ այլ հետաքրքրությունների շուրջ քննարկումների մասնակցություն եւ այլն), չփորձել մեկնաբանել կամ հավանել յուրաքանչյուր հրապարակում, կյանքում տեղի ունեցող ամեն իրադարձություն չդարձնել լուսանկար հրապարակելու առիթ:

«Սոցցանցերը երեխաների համար գրեթե ոչ մի օգուտ չունեն: Նրանց անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել սոցցանցերից (բայց ոչ համացանցից), գոնե մինչեւ դեռահասություն: Իսկ եթե երեխան, այնուամենայնիվ, ունի իր էջը սոցկայքում, ապա ծնողները պարտադիր պետք է ծանոթացնեն նրան համացանցի անվտանգության կանոններին եւ խստիվ հետեւեն, թե ում հետ է շփվում երեխան, ինչ խմբերում է ներգրավված եւ, իհարկե, սահմանափակեն սոցկայքում անցկացվող ժամանակը»,- եզրափակեց հոգեբանը: