Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 31-05-2019
ԱՄՆ խաղաղության կորպուսի 37 կամավորներ երդվեցին ծառայել հայ ժողովրդին
Հայաստան ժամանած ԱՄՆ խաղաղության կորպուսի 27-րդ խումբը այսօր երդվեց ծառայել հայ ժողովրդին: Միջոցառումը բազմաբովանդակ էր՝ վկայականների հանձնում, երաժշտական կատարումներ, ելույթներ:
Բացման խոսքում Խաղաղության Կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սան Լուին նշեց, որ Հայաստանի և ԱՄՆ խաղաղության կորպուսի միջև մեծ բարեկամություն է ձևավորվել. «Դրա շնորհիվ մեր կամավորները հնարավորություն են ունեցել կողք կողքի, ձեռքի ձեռքի բռնած աշխատել իրենց հայ գործընկերների հետ՝ ձևավորելով ամուր և վստահելի կապեր: Այն ինչ դուք տվեցիք մեր մասնակիցներին, ավելին էր՝ քան տունը: Դուք նրանց համար դարձաք ընտանիք»:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը: Նա նշեց, որ Խաղաղության կորպուսի կամավորները հսկայական աշխատանք են կատարում ողջ աշխարում, իսկ վերջին երկու տասնամյակում` նաև Հայաստանի Հանրապետությունում: Մենք բարձր ենք գնահատում այն գործունեությունը, որ իրականացնում է Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը իր կամավորների միջոցով համայնքային զարգացման գործում: Հատկապես կարևորում ենք այն հանգամանքը, որ Խաղաղության կորպուսի օժանդակությամբ ակտիվանում է հայաստանցի մարզաբնակ երիտասարդների մասնակցությունը քաղաքացիական հասարակության կայացմանը և համայնքային կյանքին:

Միջոցառման ընթացքում ցուցադրված կարճամետրաժ ֆիլմը փաստեց, որ հայկական ընտանիքների ջերմությունն ու հյուրասիրությունը կամավորները դեռևս երկար կհիշեն: Արդեն ձեռք բերված հարազատություն ու բարեկամությունն էլ կնպաստեն աշխատնքերի առավել արդյունավետ կատարմանը:

Կամավորների 37 հոգանոց խումբը Հայաստան էր ժամանել 3 ամիս առաջ: Նրանք հասցրել են սովորել հայոց լեզուն, ծանոթանալ հայկական մշակույթին: Երդման արարողությունից հետո էլ կանցնեն համաշխարհային խաղաղության և բարեկամության առաքելության կատարմանը:

Նշենք, որ խմբում բոլորը ԱՄՆ քաղաքացիներ են, ովքեր իրենց կյանքի երկու տարիները կանցկացնեն Հայաստանում՝ ապրելով տարբեր մարզերի գյուղերում և քաղաքներում: Նրանք անգլերեն կդասավանդեն տեղի դպրոցների հայ ուսուցիչների հետ միասին և կաշխատեն հասարակական կազմակերպություններում, իսկ առնվազն 6 ամիս հայկական ընտանիքներում ապրելն էլ պարտադիր պայման է:

ԱՄՆ Խաղաղության կորպուսը ստեղծվել է 1961 թվականին Ջոն Ֆ. Քենեդիի կողմից` աշխարհում խաղաղություն և ընկերություն ամրապնդելու նպատակով: Հայաստանում Խաղաղության կորպուսը գործում է 1992թ.-ից: Մինչ օրս Հայաստանում ծառայել է ավելի քան 1,100 կամավոր:

Ներկայումս Հայաստանում ապրում և աշխատում է 71 կամավոր, 37 նորեկներն էլ կմիանան նրանց։

Պատկերասրահ՝ Խաղաղության կորպուսի կամավորների 27-րդ խմբի երդման արարողություն